ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնի աջակցությամբ օրերս անցկացվել է Yerevan Roads-2023 քաղաքային քվեստը՝ մարզական կողմնորոշման տարրերով։

Yerevan Roads ինտերակտիվ խաղի ընթացքում մասնակիցները փորձել են գտնել Երևանի վերաբերյալ տարատեսակ հարցերի պատասխաններ: Հարցերը ներառել են տարբեր կառույցների, հուշարձանների, քանդակների, շատրվանների որոնումներ։ Մասնակիցները մեկ կետից մյուսն են անցել, կատարել տարբեր առաջադրանքներ, ստացել հուշումներ և նոր առաջադրանքներ։

Մրցմանը, ընդհանուր առմամբ, 82 թիմ է մասնակցել՝ ավելի քան 250 մասնակից։ Մրցաշարի հաղթողներն ու մրցանակակիրները պարգևատրվել են ԿԳՄՍՆ-ի և «Մոսկվայի տան» պատվոգրերով, դիպլոմներով և նվերներով։

Պարգևները հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։ Ողջունելով նմանօրինակ ինտերակտիվ միջոցառումների անցկացումը՝ Կարեն Գիլոյանը նշել է, որ դրանք կարևոր են ինչպես առողջ ապրելակերպի զարգացման, այնպես էլ մայրաքաղաքը ճանաչելու, կենցաղի և սովորույթների հետ ծանոթության, մշակութային փոխճանաչման տեսանկյունից։

Թիմերը մասնակցել են 4 կատեգորիայում՝ Walk (16 կմ քայլք քաղաքում՝ հարցերի պատասխանները փնտրելու նպատակով), Run (25 կմ վազք՝ առաջադրանքների լուծման ճանապարհին), Family (ընտանեկան ձևաչափ մրցաշարի ամենակրտսեր մասնակիցների համար՝ իրենց ծնողների հետ (մինչև 8 կմ)) և Smart (ձևաչափ այն մասնակիցների համար, որոնք պատրաստ են եղել լուծել ամենաբարդ խնդիրները՝ կարճ ճանապարհահատվածներում)։

Walk կատեգորիային մասնակցել է 32, Run կատեգորիային՝ 9, Family կատեգորիային՝ 20, Smart կատեգորիային՝ 21 թիմ։