Ծրագրի մասին

«Թարգմանական ծրագրեր և ստեղծագործողների և հետազոտողների աշխատանքներին տրվող աջակցություն» ծրագրով ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն աջակցում է թարգմանական աշխատանքներին, մշակութաբանական հետազոտություններին, գրականության և գրաքննադատության նախագծերին: Ծրագրի հեռանկարային նպատակն է խթանել նշանակալի, մնայուն և հանրօգուտ աշխատանքների ստեղծումը, որն էլ իր հերթին կնպաստի գրականության և հասարակական գիտությունների զարգացմանը: Նախարարությունն աջակցում է նաև համաշխարհային գրականության նշանակալի երկերի թարգմանություններին: Այս ծրագրով է իրականացվում նաև «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը, որի օգնությամբ նախարարությունն աջակցում է արտերկրի այն հրատարակչություններին, որոնք ցանկություն ունեն իրենց երկրում օտար լեզվով հրատարակել հայ դասական կամ ժամանակակից գրականություն: Ծրագրի նպատակը հայ գրականությունն ու մշակույթը աշխարհին ճանաչելի դարձնելն է:

Դրամաշնորհ տրվում է հետևյալ մրցութային ուղղություններին համապատասխանող աշխատանքներին.

ա) Ստեղծագործական աշխատանքներ
բ) Հետազոտական աշխատանքներ (գրական-մշակութային)
գ) Թարգմանական աշխատանքներ (այլ լեզուներից հայերեն)
դ) Հայ գրականությունը թարգմանություններում (հայերենից այլ լեզուներ)

Ովքեր կարող են դիմել

Դրամաշնորհային ծրագրի առաջին երեք ուղղություններով կարող են անհատապես դիմել գրողները, հետազոտողները, թարգմանիչները (ֆիզիկական անձինք), որոնք ՀՀ քաղաքացի են, իսկ չորրորդ ուղղությամբ՝ արտասահմանյան հրատարակիչները («Հայ գրականությունը թարգմանություններում»):

Դիմելու կարգը

Հայտի փաթեթը (բոլոր նյութերը «PDF» ձևաչափով, իսկ ամբողջը՝ «rar» կամ «zip» փաթեթով) պետք է ուղարկել literature@escs.am էլեկտրոնային հասցեին՝ «Թեմա» տողում նշելով Ձեր անունը և ազգանունը:

  1. Մրցույթի հայտերը պետք է ներկայացնել էլեկտրոնային կարգով:
  2. Նույն ֆիզիկական անձը չի կարող ներկայացնել մեկից ավելի հայտ:
  3. Մասնակիցը մինչև հայտերը ներկայացնելու վերջնաժամկետի ավարտն իրավունք ունի չեղարկելու իր հայտը:
  4. Հայտի ստացման պարագայում literature@escs.am էլ. փոստից հայտատուն պետք է ստանա հաստատող նամակ մինչև հայտերի ներկայացման վերջնաժամկետի ավարտին հաջորդող հինգերորդ օրը:
  5. Հայտերի ընդունման վերջնաժամկետի ավարտից հետո տասը աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գրահրատարակչության ոլորտի նախաձեռնությունները քննող մասնագիտական խորհրդի քարտուղարը հայտերը ուղարկում է գնահատման:
  6. Հանձնաժողովի անդամները հայտերի ստացումից հետո մեկ ամսվա ընթացքում, ըստ չափանիշների, գնահատում են մրցույթի հայտերը և հանձնաժողովի քարտուղարին են փոխանցում գնահատման թերթիկները:
  7. Մրցույթի արդյունքներն ամփոփվում են հանձնաժողովի եզրափակիչ նիստում` հանձնաժողովի անդամների գնահատման թերթիկների հիման վրա:
  8. Հանձնաժողովն ընդունում է որոշում այն ֆիզիկական անձանց ցանկը հաստատելու մասին, որոնք կարող են «1102. Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» միջոցառմամբ ստանալ դրամաշնորհ, եթե Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բյուջետային հայտը հաստատեն ՀՀ կառավարությունը և ՀՀ Ազգային ժողովը, և այն ներառվի «Հայաստանի Հանրապետության 202_ թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում:
  9. Վերջնական դրական գնահատականի արժանացած է համարվում այն մասնակիցը, որի ստացած միավորը միջինացված հանրագումարում 35-ից բարձր է* (Առավելագույն միավորը 50-ն է):

Անհրաժեշտ փաստաթղթեր

Հայտի փաթեթը պետք է պարունակի՝

հայտի ձևաթուղթը,
նախատեսվող ուսումնասիրության թեմայով հոդված (հետազոտական աշխատանքների պարագայում),
նախատեսվող ուսումնասիրության գրականության ցանկ (հետազոտական աշխատանքների պարագայում),
նախատեսվող գեղարվեստական ստեղծագործության հատված (նվազագույնը՝ 10 էջ), մանկական նկարազարդ պատումների պարագայում բավարար է ներկայացնել նախագծի մասին տեղեկատվությունը՝ կից 2-3 նկարազարդումներով
նախատեսվող թարգմանության հատված (նվազագույնը՝ 10 էջ), ինչպես նաև բնագրի համապատասխան հատվածը,
երաշխավորագիր որևէ հրատարակչությունից, ըստ որի, վերջինը պարտավոր է դրամաշնորհ ստացած հետազոտական, թարգմանական կամ ստեղծագործական աշխատանքը հրատարակել,
հայտատուի ինքնակենսագրությունը,
անձը հաստատող փաստաթղթի պատճենը:

Ծրագրի վերջնաժամկետ - սահմանվում է հայտարարությամբ:

Կոնտակտներ, խորհրդատվություն

Հարցերի դեպքում զանգահարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչություն՝ գրահրատարակչության ոլորտի գլխավոր մասնագետ Արմեն Սարգսյանին (հեռախոս՝ 010 599 629):