Ծրագրի մասին

Ծրագրի նպատակը երիտասարդ ընտանիքների բնակարանային (բնակելի տան) խնդիրների հաղթահարման ուղղությամբ պետական աջակցության արդյունավետ համակարգի ներդրումն է: Ծրագրի շրջանակում երիտասարդ ընտանիքներին բնակարանի ձեռքբերման վարկը տրվում է ցածր տոկոսադրույքով, որից բացի՝ ծրագրի շահառուները կարող են նաև ստանալ պետության կողմից սուբսիդավորում բնակարանը երկրորդային շուկայից ձեռք բերելու դեպքում։

Ովքե՞ր կարող են դիմել

Ծրագրի շահառու կարող է դառնալ.

  • երիտասարդ ընտանիքը, որտեղ ամուսինների տարիքների գումարը չի գերազանցում 70-ը, ընդ որում՝ ամուսիններից մեկը պարտադիր պետք է լինի ՀՀ քաղաքացի,
  • երեխա ունեցող երիտասարդ միայնակ ծնողը, ում տարիքը չի գերազանցում 35-ը (ներառյալ)։

Դիմելու կարգ

Անհրաժեշտ է դիմել «Բնակարան երիտասարդներին» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն ՓԲԸ-ի հետ համագործակցող 15 բանկերից և 8 վարկային կազմակերպություններից որևէ մեկին։

Անհրաժեշտ փաստաթղթեր

Ծրագրի շահառու (վարկառու) դառնալու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը (պարտադիր ցանկ)՝

Վարկառուի ինքնություն`

  • վարկառուի (համավարկառուի) անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ կամ դրանց փոխարինող այլ փաստաթուղթ),
  • վարկառուի ամուսնու անձը հաստատող փաստաթուղթը (անձնագիր, նույնականացման քարտ կամ դրանց փոխարինող այլ փաստաթուղթ),
  • վարկառուի և նրա ամուսնու ծննդյան վկայականները,
  • վարկառուի և նրա ամուսնու սոցիալական քարտերը,
  • վարկառուի ամուսնության վկայականը, երեխաների ծննդյան վկայականները (առկայության դեպքում):

Տվյալներ եկամուտների մասին՝

Եթե վարկառուն վարձու աշխատող է, ապա

  • եկամուտների մասին տեղեկանք գործատուից, որտեղ պետք է նշված լինեն վարկառուի (համավարկառուի) զբաղեցրած պաշտոնը, աշխատանքային ստաժը և փաստացի եկամտի չափը (համախառն կամ զուտ),
  • վարկառուի, նրա ամուսնու և համավարկառուի անհատական հաշվի քաղվածքներ (վերջին մեկ տարվա, տրամադրվում է հարկային մարմնի կողմից),
  • տվյալներ նախկին զբաղվածության մասին (գործատուն, զբաղեցրած պաշտոնը, յուրաքանչյուր կազմակերպությունում աշխատանքի ստաժը (եթե դիմողի զբաղվածությունը տվյալ աշխատավայրում 12 ամսից պակաս է)),
  • վարկառուի/համավարկառուի բանկային քարտի քաղվածքը, որտեղ նշված կլինի ամսական աշխատավարձի չափը (անհրաժեշտության դեպքում):

Եթե վարկառուն ինքնազբաղված է, ապա

  • հարկ վճարողի հարկային համարը (ՀՎՀՀ),
  • պետական գրանցման վկայականը,
  • կանոնադրությունը (առկայության դեպքում),
  • գործունեության տվյալ տեսակով զբաղվելու թույլտվության փաստաթղթերը, եթե օրենսդրության համաձայն՝ տվյալ գործունեության համար անհրաժեշտ է համապատասխան մարմինների կողմից հատուկ թույլտվություն,
  • վերջին 1 տարվա հարկային հաշվետվությունները՝ հաստատված հարկային մարմնի կողմից,
  • վերջին 1 տարվա եկամուտների և ծախսերի վերաբերյալ տեղեկատվություն (գրառումներ) (անհրաժեշտության դեպքում),
  • ինքնազբաղվածների եկամուտների գնահատման հաշվետվություն՝ համաձայն Ստանդարտների Հավելված 1-ում ներկայացված ինքնազբաղվածների եկամուտները գնահատելու մեթոդաբանության,
  • գործունեության հետ կապված այլ փաստաթղթեր (անհրաժեշտության դեպքում)։
  • Տեղեկություն վարկային պատմության մասին՝

  • վարկառուի և նրա ամուսնու (համավարկառուի) վարկային պատմության վերաբերյալ ԱՔՌԱ վարկային բյուրոյի ամբողջական զեկույցներ:
  • Գույքային փաստաթղթեր՝

  • գրավադրվող անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական,
  • գրավադրվող անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի հիմքեր (ըստ անհրաժեշտության),
  • գրավադրվող անշարժ գույքի գծով սահմանափակումների միասնական տեղեկանք՝ տրված ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից,
  • գրավադրվող անշարժ գույքի գնահատման հաշվետվություն:
  • Այլ փաստաթղթեր՝

  • տեղեկանք ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից վարկառուին և նրա ամուսնուն սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի վերաբերյալ,
  • գրավադրվող անշարժ գույքի և վարկառուի (համավարկառուի)՝ դժբախտ պատահարից ապահովագրության վկայականներ,
  • վարկի տրամադրման անդորրագիր կամ քաղվածք:
  • Բացի վերոնշյալ փաստաթղթերից, կախված յուրաքանչյուր դեպքից, վարկառուից կարող են պահանջվել լրացուցիչ այլ փաստաթղթեր, որոնց ցանկը կարելի է ստանալ վարկը տրամադրող ֆինանսակական կառույցից։

    Խորհրդատվություն, օգտակար հղումներ

    «Բնակարան երիտասարդներին» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն ՓԲԸ (հեռ.` +37410 56 07 43), Էլ. փոստ` info@hfyouth.am
    ՀՀ ԿԳՄՍՆ Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչություն, հեռ.՝ +374 10 59 96 41, էլ. փոստ` youth@escs.am
    ԿԳՄՍՆ Թեժ գիծ՝ (+374 10) 59-96-00, տեղեկատու հեռախոս՝ (+374 10) 52-73-43։