Բարեկենդանը հայոց ավանդական կենցաղում նշվող տոներից էր, որը ներկայում կրկին տարածում է ստանում և նորովի մեկնաբանությամբ նշվում Հայաստանի տարբեր համայնքներում՝ հատկապես երիտասարդների աշխույժ ներգրավվածությամբ և գործուն մասնակցությամբ։
Այս տարի Բարեկենդանի տոնը նշվել է նաև Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում. իրականացվել են մի շարք միջոցառումներ՝ տարբեր ձևաչափերով և տարբեր տարիքային խմբերի համար։
Բարեկենդանի տոնի առթիվ փետրվար ամսվա ընթացքում «Հեքիաթերեն» շարժական ինտերակտիվ տիկնիկային թատրոնը թանգարանում իրականացրել է «Բարեկենդանը» հեքիաթի ինտերակտիվ բեմականացումը։ Միջոցառման շրջանակում կազմակերպվել են գունեղ դիմակահանդեսներ, ազգային երգի ուսուցում, խաղեր, հանելուկներ, ուտեստի պատրաստում և համտես։
Ռուդիկ Հարոյանի անվան «Մասունք» ավանդական երգի–պարի խումբը հանդես է եկել Բարեկենդանին նվիրված ծիսական երգերով, պարերով, ժողովրդական խաղերով: Պատրաստվել են տոնին բնորոշ քաղցրավենիքներ՝ ավանդական գաթա և փոխինձ։
Բարեկենդանի տոնին նվիրված միջոցառումների շարքն ամփոփվել է ազգային երգերի ու պարերի կատարումներով՝ «Մեր երգերը և մենք» նախաձեռնության և «Կեան» մշակութային կենտրոնի համատեղ կազմակերպմամբ:
Տոնական ծրագրերի իրականացման նպատակը Բարեկենդանի տոնի պահպանության նպատակով դրա տարածումն է, կենսունակության խթանումն ու փոխանցման ապահովումը: