ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը և արժանացել դրական եզրակացության:

Ըստ նախագծի հիմնավորման՝ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախաձեռնությունը պայմանավորված է միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի կիրառման անհրաժեշտությամբ, ինչպես նաև ոլորտին ներկայացվող միջազգային արդի պահանջներին համապատասխանելու հրամայականով:

ԱԺ ԳԿՄՍԵՍ հանձնաժողովի նախագահ, նախագծի հեղինակ Սիսակ Գաբրիելյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո կատարվել են որոշակի փոփոխություններ, նախագիծը քննարկվել է համապատասխան կառույցի հետ: Նա նշել է նաև, որ փոփոխությունները պետք է ուժի մեջ մտնեն մինչև ապրիլի 1-ը, որպեսզի մարզիկների համար որակազրկման խնդիր չառաջանա:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի խոսքով՝ վերջին փոփոխությունները բխում են Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) օրենսդրական պահանջներից. «WADA-ն այսօր մեծ հեղինակություն է աշխարհում, կարող է երկրներին որակազրկել՝ զրկելով օրհներգից, դրոշից: WADA-ում իսկապես շատ գոհ են ՀՀ կառավարության աշխատանքից: Այնպես որ, փոփոխություններն անհրաժեշտ են՝ հնարավոր խնդիրներից խուսափելու համար»:

Կարեն Գիլոյանը նաև տեղեկացրել է՝ WADA-ն հաջորդ տարի գագաթաժողով է անցկացնելու Հայաստանում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ: Նախարարի տեղակալի գնահատմամբ՝ սա լուրջ ձեռքբերում է:

ՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի խոսքով՝ նախաձեռնությունը պայմանավորված է նաև Համաշխարհային հակադոպինգային գործակալության կողմից Հայաստանի «Հակադոպինգային գործակալություն» ՊՈԱԿ-ին հասցեագրված գրությամբ, որում ներկայացված է պահանջ` իրականացնելու փոփոխություններ և լրացումներ «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» 2001 թվականին ընդունված օրենքի` դոպինգի սահմանման և հակադոպինգային գործունեությանը վերաբերող հոդվածներում:

Հիշեցնենք՝ առաջարկված փոփոխությամբ նախատեսվում է հստակեցնել «դոպինգ» հասկացությունը և հակադոպինգային գործունեությունը, սահմանել Հայաստանում ազգային հակադոպինգային կազմակերպության նշանակությունն ու դրա լիազորությունները: Ըստ այդմ՝ Հայաստանն իր օրենսդրությունը համապատասխանեցնում է Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) առաջարկություններին։