Հայաստանի դահուկային սպորտի հավաքականը փետրվարի 22-ից մարտի 5-ը Սլովենիայում կմասնակցի դահուկավազքի աշխարհի առաջնությանը:

Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր են մեկնել Կատյա Գալստյանը, Թադևոս Պողոսյանը, Սպարտակ Ոսկանյանը և Աննա Ռաշոյանը։ Հավաքականի առաջատար դահուկորդ Միքայել Միքայելյանը թիմին կմիանա փետրվարի 25-ին։

Միքայել Միքայելյանը, որը վերջերս Տոբլախում կայացած աշխարհի գավաթի խաղարկության փուլում ընդգրկվել է 50 լավագույնների շարքում, Սլովենիայի Պլանիցա քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությունում առաջին անգամ ուժերը կփորձի 50 կմ մարաթոնում, որում Հայաստանը երբևէ ներկայացուցիչ չի ունեցել:

Նշենք՝ փետրվարի 23-ին Ծաղկաձորում կմեկնարկեն լեռնադահուկային, ինչպես նաև պարալեռնադահուկային սպորտի Հայաստանի առաջնությունները: Մրցումները կտևեն մինչև փետրվարի 28-ը:

Ավելի վաղ՝ փետրվարի 12-15-ը, Աշոցքում անցկացվել է դահուկավազքի Հայաստանի մեծահասակների և մինչև 12,14,16 տարեկանների առաջնությունը:

Մեծահասակների պայքարում տղամարդկանց 10 կմ դասական և արագավազք 1,1 կմ դասական ձևում Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճել է Միքայել Միքայելյանը: Աղջիկների պայքարում լավագույն արդյունքը ցույց է տվել Կատյա Գալստյանը: Նա հաղթող է ճանաչվել արագավազքում և դասական 5 կմ ձևում: