Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը մեկնել է Գերմանիայի Կոտբուս քաղաք, որտեղ փետրվարի 23-26-ը կկայանա առանձին վարժությունների աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլը։

Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր են մեկնել Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը և Գագիկ Խաչիկյանը:

Թիմը հանդես կգա մարզիչներ Սոս Սարգսյանի և Հայկ Նազարյանի գլխավորությամբ: Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն աշխարհի գավաթի խաղարկությունում հանդես կգա որպես մրցավար:

Նախապատրաստվելով աշխարհի գավաթի խաղարկության փուլերին՝ մարմնամարզիկները փետրվարի 7-ից երկշաբաթյա ուսումնամարզական հավաք են անցկացրել Թբիլիսիում:

Աշխարհի գավաթի խաղարկության հաջորդ փուլը կանցկացվի փետրվարի 27-ից մարտի 5-ը Կատարի մայրաքաղաք Դոհայում, որին Հայաստանի ներկայացուցիչները ևս կմասնակցեն: