Գրքի տոնի շրջանակում Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում այսօր կայացել է 2022 թվականի ընթացքում ՀՄԿ-ի մշակած և կրթության կազմակերպմանը, արդյունավետության բարձրացմանն ու ներառականությանն ուղղված 13 ուսումնական ձեռնարկների շնորհանդեսը:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Հայկական պետական մանկավարժական համալսարանի, Տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնների, հանրակրթական դպրոցների, ինչպես նաև շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչներ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, շնորհավորելով ՀՄԿ ներկայացուցիչներին նոր ձեռնարկների շնորհանդեսի կապակցությամբ, ընդգծել է, որ մեթոդական ձեռնարկների, ուսումնական նյութերի հասանելիության և ոլորտում ներգրավված մասնագետների համար նոր հնարավորությունների ապահովումն ու կրթության ներառականությանն ուղղված աջակցությունը կրթական քաղաքականության կարևոր ուղղվածություններից են:

«Մեկ տարվա ընթացքում 13 ձեռնարկ ապահովելը լուրջ մարտահրավեր էր Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի համար, որը ՀՄԿ-ի թիմը պատվով իրագործեց: Վստահ եմ՝ գործընթացը կլինի շարունակական, և հետագայում ևս կապահովվեն բոլոր այն ձեռնարկները, որոնց կարիքն ունեն մեր մանկավարժները, սովորողներն ու ծնողները: Հայալեզու գրականությունը մեզ համար լուրջ խնդիր է, և չնայած վերջին տարիներին գործադրած ջանքերին՝ այս առումով դեռևս ունենք բացեր»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալն անդրադարձել է նաև մանկավարժահոգեբանական ծառայություն տրամադրող տարածքային կենտրոնների գործունեությանը՝ կարևորելով առավել լայն գործունեության ծավալումը. «Կարևորում ենք բոլոր ուսումնական հաստատությունների շահակից կողմերին մանկավարժահոգեբանական աջակցությունների տրամադրումը, քանի որ միայն այդպես է հնարավոր դպրոցներում ապահովել այն բարենպաստ և հոգեբանական տեսանկյունից ապահով միջավայրը, որը տանելու է դեպի կրթության որակի փոփոխություն: Կրթական բարեփոխումները փոխկապակցված են, և յուրաքանչյուր օղակում գրանցված փոքրիկ հաջողություններն իրար միանալով՝ ստեղծելու են այն մեծ պատկերը, որի արդյունքում ունենալու ենք առավել որակյալ կրթություն»:

Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրենի պարտականությունները կատարող Հայկուհի Ադամյանի խոսքով՝ ուսումնական ձեռնարկների ցանկում ներառված են նաև աշխատանքային գիրք-տետրեր, որոնք կօգնեն երեխաներին առավել հետաքրքիր և հասանելի կերպով յուրացնել դասագրքերում առկա նյութը: Գիրք-տետրերում մեծ տեղ է հատկացված բոլոր երեխաների ինքնուրույնության, հավասար հնարավորությունների, ստեղծագործական ունակությունների զարգացմանը միտված առաջադրանքներին: Բոլոր աշխատանքային գիրք-տետրերն ունեն իրենց մեթոդական ուղեցույցերը, որոնք կուղղորդեն ուսուցիչներին՝ ապահովելու այդ հավասար հնարավորությունների իրացման պայմանները իրենց առարկայի դասընթացում:

«Հույս ունենք՝ ձեռնարկների թիվն աստիճանաբար կավելանա: Տարածքային կենտրոնների միջոցով ձեռնարկները, ըստ հայցերի, կբաժանենք դպրոցներին և նախադպրոցական ուսումնական հաստատություններին»,- ասել է Հայկուհի Ադամյանը:

Այնուհետև, ներկայացվել են ՀՄԿ-ի կողմից 2022 թվականին մշակված աշխատանքային գիրք-տետրերը, ուսուցչի մեթոդական ուղեցույցներն ու ձեռնարկները, որոնք շուտով հասանելի կլինեն նաև էլեկտրոնային տարբերակով:

«Կրթության կազմակերպման գործընթացում կիրառվող աջակցող տեխնոլոգիաներ» ուղեցույց-ձեռնարկն աջակցող սարքերի և տեխնոլոգիաների կիրառման ձևերը, դրանց հիմնական տեսակներն ու բնութագրերն ամբողջացնող ուղեցույց է: Ձեռնարկում ներկայացված են աջակցող տեխնոլոգիաները, որոնք կարևոր դերակատարում կարող են ունենալ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք, մասնավորապես` հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության կազմակերպման գործընթացում։

«ՄայրենիԱյբբենական շրջան» աշխատանքային գիրք-տետրը նպատակաուղղված է գրաճանաչության այբբենական շրջանի դժվարությունները հետաքրքրաշարժ և մատչելի առաջադրանքների կատարման ﬕջոցով հաղթահարելուն:

«ՄայրենիԱյբբենական շրջան» աշխատանքային գիրք-տետրի մեթոդական ուղեցույցը նախատեսված է մայրենի լեզվի ուսուցիչների համար։ Ուղեցույցը մեթոդական աջակցություն է ուսուցիչներին հանրակրթական ուսումնական հաստատությունների առաջին դասարանի «Մայրենի-1» Այբբենական շրջան» աշխատանքային գիրք-տետրի կիրառության գործընթացում:

«Ֆիզիկական միջավայրի հարմարեցումներ» մեթոդական ուղեցույցն անհրաժեշտ տեղեկատվություն է պարունակում դպրոցի ֆիզիկական ենթակառուցվածքների, գույքի, կահավորման, սարքավորումների մատչելիության ու խելամիտ հարմարեցումների մասին:

«Կերպարվեստաշխատանքային գիրք-տետրը կառուցված է կերպարվեստի առաջադրանքները ավելի հետաքրքիր և մատչելի ներկայացնելու սկզբունքով՝ հաշվի առնելով սովորողների գիտելիքների և կարողությունների ժամանակակից մոտեցումները և հենց կերպարվեստի զարգացնող հնարավորությունները բոլոր երեխաների համար։

«Կերպարվեստաշխատանքային գիրք-տետրի մեթոդական ուղեցույցը օգնություն է հանրակրթական դպրոցների կերպարվեստի ուսուցիչներին դասավանդման գործընթացն ավելի արդյունավետ կազմակերպելու համար։

«Մաթեմատիկա 1. թվային շրջան» աշխատանքային գիրք-տետրը երեխաների ճանաչողական գործունեության զարգացման և մաթեմատիկայի հետագա ուսուցման նախապատրաստման նպատակ է հետապնդում՝ շեշտադրելով նրանց ինքնուրույն աշխատանքի կազմակերպման հնարավորությունը: Այս ձեռնարկը ևս կառուցված է «հետաքրիր և բոլորին հասանելի» սկզբունքով։

«Մաթեմատիկա 1. թվային շրջան» աշխատանքային գիրք-տետրի մեթոդական ուղեցույցն աջակցություն է ուսուցիչներին՝ արդիական մեթոդներով կազմակերպելու սովորողների մաթեմատիկական պարզագույն ունակությունների ու հմտությունների ձեռքբերման գործընթացը։

«Տեխնոլոգիաաշխատանքային գիրք-տետրը կօգնի երեխաներին առավել հետաքրքիր և հասանելի կերպով յուրացնել ամեն ինչից ամեն ինչ կառուցելու առաջին հմտությունները: Գիրք-տետրում մեծ տեղ է հատկացված բոլոր երեխաների ինքնուրույնության, հավասար հնարավորությունների, ստեղծագործական ունակությունների զարգացմանը միտված առաջադրանքներին:

«Տեխնոլոգիաաշխատանքային գիրք-տետրի մեթոդական ուղեցույցն ուսուցիչներին կուղղորդի ՝ ապահովելու այդ հավասար հնարավորությունների իրացման պայմանները տեխնոլոգիա առարկայի դասընթացում:

«Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայութունների նկարագիրը կրթության կազմակերպման գործընթացում». ուղեցույց է հանրակրթական ուսումնական հաստատությունների և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների միջև համագործակցության ուղիների ու հնարավորությունների մասին՝ միտված յուրաքանչյուր երեխայի կրթության մատչելիության, հավասար հնարավորության և որակի ապահովմանը։

«Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների աշխատանքների կազմակերպման ուղեցույց». ձեռնարկն ամփոփ տեղեկատվություն է ներկայացնում ՏՄԱԿ-ի գործունեության, կառուցվածքի, գործառույթների, աշխատանքների պլանավորման ու հաշվետվողականության, ինչպես նաև շահագործման պայմանների վերաբերյալ։ Այն նպատակաուղղված է աջակցելու տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպմանն ու իրականացմանը, ինչպես նաև ապահովելու միասնական գործելաոճ ու ընթացակարգեր ուսումնական հաստատությունների և ՏՄԱԿ-ների միջև։

«Ներառող դասավանդում». ձեռնարկը կառուցված է այնպես, որ հավասարապես կիրառելի լինի ինչպես ծրագրում ներգրավված, այնպես էլ չմասնակցած ուսուցիչների և ուսուցչի օգնականների համար՝ նրանց ուղեկցելով ներառական դասավանդման կարողությունների արդյունավետ զարգացման ճանապարհին: Ձեռնարկի կիրառությունն էականորեն կանդրադառնա հատկապես դասապրոցեսի ընթացքում բոլոր սովորողների լիարժեք և խելամիտ ներգրավման վրա: