ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Գիրք նվիրելու օրվա շրջանակում այցելել են Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոց։

Նախարարը դպրոցի գրադարանին նվիրել է բրալյան գրքեր՝ Ստեփան Զորյանի պատմվածքները և աուդիոգրքեր՝ օտար գրողների ստեղծագործություններ, որոնք նախատեսված են դպրոցական ծրագրով ընթերցանության համար։

Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցի երգչախմբի սաները ներկայացրել են գեղարվեստական միջոցառում։ Երեխաները գիրք նվիրելու տոնի առիթով նաև գիրք են նվիրել նախարարին և նրա տեղակալին։

Ժաննա Անդրեասյանը զրուցել է ուսուցիչների և երեխաների հետ, հետաքրքրվել, թե որոնք են առաջնային խնդիրները, որքանով են ապահովված անհրաժեշտ նյութերը։ Անդրադառնալով ուսումնական նյութերի և դասագրքերի ապահովմանը՝ նախարարն ընդգծել է, որ առաջիկա սեպտեմբերից բրալյան բոլոր դասագրքերն ու տետրերը կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաներին կտրամադրվեն պետական բյուջեի միջոցներով։

«Կարծում եմ՝ վաղուց պետք է դա արված լիներ։ Այդ կարևոր խնդիրը պետական մոտեցմամբ կարգավորվել է, և հույս ունեմ, որ այդ նախաձեռնությունը կնպաստի, որ առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների կրթությունն առավել արդյունավետ կազմակերպվի»,- ասել է նախարարը։

Ժաննա Անդրեասյանն առանձնակի կարևորել է ուսուցիչների կատարած մեծ աշխատանքը և շնորհակալություն հայտնել նրանց՝ առանձնահատուկ խնդիր ունեցող երեխաների կրթության առաքելությունը ստանձնելու համար։

«Գիտեմ, որ ուսուցիչների աշխատանքը դժվար է, բայց միաժամանակ՝ շատ կարևոր և պատասխանատու։ Երեխաների մի մասը ոչ միայն սովորում, այլ նաև ապրում է այստեղ, և ուսուցիչն ու դպրոցը ինչ-որ առումով փոխարինում են նաև ընտանիքին՝ տալով սեր և ջերմություն, որը նրանց հիշողության մեջ մնալու է ողջ կյանքում»,- դիմելով ուսուցիչներին՝ նշել է նախարարը։

Լրագրողների հետ զրույցում Ժաննա Անդրեասյանը նշել է, որ հանրակրթության համակարգում հատուկ դպրոցների դերը վերաիմաստավորման կարիք ունի։ «Հանրակրթության մասին» օրենքում կատարված համապատասխան փոփոխություններով հատուկ դպրոցները նախատեսվում է վերակազմակերպել ռեսուրս-կենտրոնների, ինչը կարևոր է համընդհանուր ներառականության անցման համատեքստում։

«Հատուկ դպրոցներում առկա կարողություններն ու ստեղծված նյութատեխնիկական հնարավորությունները պետք է օգտագործվեն նաև մյուս դպրոցներում առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունն ավելի որակյալ կազմակերպելու, ինչպես նաև ուսուցիչների վերապատրաստման մեթոդական աջակցության համար։ Բոլորս հասկանում ենք, որ երեխայի համար ընտանիքից առանձին ապրելը լավագույն լուծումը չէ, հետևաբար կրթությունը բոլոր երեխաների համար՝ անկախ կարիքից, պետք է հասանելի և մոտ լինի բնակավայրին։ Հատուկ դպրոցների փորձն ու մեթոդական աջակցությունն այս իմաստով անգնահատելի է՝ համընդհանուր ներառական կրթության կազմակերպման առումով»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ մանկավարժահոգեբանական աջակցության տարածքային կենտրոնները պետք է աջակցեն դպրոցներին և ուսուցիչներին՝ ստանալու հատուկ կարիքով երեխաների հետ աշխատելու հմտություններ։

Անդրադառնալով Գիրք նվիրելու օրվա խորհրդին և դպրոցի ընտրությանը՝ ԿԳՄՍ նախարարը կարևորել է համընդհանուր տոների և միջոցառումների կազմակերպման հարցում ևս ներառական լինելու անհրաժեշտությունը։

«Մենք հասարակության ներսում ունենք խմբեր, որոնք կարիք ունեն լրացուցիչ հոգածության և ուշադրության։ Կարծում եմ՝ մեր հասարակությունը պետք է նրբանկատ գտնվի և նման ընդհանուր տոների ու միջոցառումների ժամանակ չանտեսի առանձնահատուկ կարիք ունեցող խմբերին։ Գիրք նվիրելու տոնի շրջանակում ես ընտրել եմ այս դպրոցը, որպեսզի նաև հավելյալ ուշադրություն հրավիրեմ այսպիսի երեխաներին ընդհանուր միջոցառումներում ընդգրկելու հարցի վրա»,- ասել է նախարարը։

Ժաննա Անդրեասյանն ու Արաքսիա Սվաջյանը դպրոցի տնօրեն Ալեքսան Ահարոնյանի ուղեկցությամբ շրջել են դպրոցում՝ գրադարանում, մարզադահլիճում, կյանքի հմտությունների և այլ դասարաններում ծանոթացել ուսուցման առանձնահատուկ պայմաններին, որոնք ապահովված են դպրոցում։

Տեղեկացնենք, որ Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում այս պահին 1-12-րդ դասարանների շուրջ 64 երեխա է սովորում։