ՀՀ գիտության կոմիտեն կազմակերպում է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ընտրության «Հայաստանի Հանրապետության գիտական կազմակերպություններում արտերկրի գիտնականների «PostDoc» ծրագիր 2023» մրցույթը։

Այն ուղղված է ՀՀ պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորմամբ ծրագիր իրականացնող կազմակերպություններում արտերկրի գիտնականների ներգրավվածությամբ նոր, մրցունակ և հեռանկարային գիտական ուղղությունների ստեղծմանը

Մրցույթն իրականացվում է գիտության բոլոր բնագավառներով, և ներկայացվող նախագիծը պետք է լինի հավակնոտ, խոստումնալից և իրագործելի:

Մրցույթի նպատակներն են՝

- խթանել գիտության ոլորտում միջազգային համագործակցությունը,

- բարձրացնել կազմակերպությունների ներուժը,

- ներգրավել արտերկրի գիտնականների,

- ներգրավել Սփյուռքի գիտական ներուժը,

- բարելավել գիտական միջավայրը,

- հիմք դնել նոր, մրցունակ և հեռանկարային գիտական ուղղությունների ստեղծմանը։

Հայտ կարող են ներկայացնել 1983 թ հունվարի 1-ից հետո ծնված, գիտական աստիճանը 2010 թ հունվարի 1-ից հետո ստացած, վերջին 4 տարիների ընթացքում գումարային 12 ամիս և ավելի ՀՀ-ում չաշխատած ու չուսումնառած անձինք, որոնք նախագծի իրականացման ողջ ընթացքում կբնակվեն Հայաստանի Հանրապետությունում։

Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվում է առցանց՝ postdoc-armenia-2023.scs.am համակարգի միջոցով, մինչև 2023 թ ապրիլի 21-ը՝ ժամը 18:00-ն։

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ ՀՀ գիտության կոմիտեի գիտական գործունեության կազմակերպման վարչությունից՝ զանգահարելով (010) 210-140 (ներքին 108) կամ ուղարկելով նամակ էլեկտրոնային փոստով՝ scexpert@scs.am:

Մրցույթի հրավերի փաթեթը (հայերեն)

Մրցույթի հրավերի փաթեթը (անգլերեն)