ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել են «Այբ» համայնքի ներկայացուցիչների հետ:

Նախարարը, կարևորելով նմանօրինակ ձևաչափով հանդիպումները, նշել է, որ համատեղ ուժերով պետք է իրականացնել կրթության զարգացմանն ուղղված քայլեր:

Հանդիպման նպատակն էր շարունակել համագործակցությունը «Այբ» կրթական հիմնադրամի հետ՝ նպաստելով Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում որակյալ կրթության հասանելիությանը` շեշտը դնելով կրթական ոլորտում արդյունավետ փոխգործակցության վրա։

«Այբ» համայնքի ներկայացուցիչները նախարարին ներկայացրել են կրթական հիմնադրամի գործունեությունը՝ մասնավորապես առանձնացնելով հիմնադրամի մշակած հայալեզու և միջազգայնորեն ճանաչելի կրթական որակավորումը՝ «Արարատյան բակալավրիատը», նշելով, որ այն համազոր է բրիտանական «GCE A Level» և ամերիկյան «Advanced Placement» որակավորումներին։

Նշվել է, որ «Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագրի շրջանակում «Այբ» հիմնադրամը համագործակցում է աշխարհի 20 երկրների ավելի քան 150 համալսարանների հետ: Քննարկվել է հանրակրթական դպրոցներում ծրագրի ներդրման հնարավորությունը՝ այն դիտարկելով հանրակրթության նոր չափորոշչի ներդրման համատեքստում։

«Ինչպես գիտեք, ՀՀ կառավարության կողմից Հանրակրթության պետական չափորոշչի հաստատումից հետո ԿԳՄՍ նախարարությունը սկսել է հաջորդաբար հաստատել և փորձարկել առարկայական ծրագրերն ու չափորոշիչները: Հանրակրթության պետական նոր չափորոշիչը սահմանում է պետության ակնկալիքը և պահանջը: Ըստ այդմ` պետք է նշեմ, որ կատարված ամենակարևոր փոփոխությունը հայեցակարգային է, քանի որ նոր չափորոշիչը հիմնվում է սովորողի հմտությունների և կարողունակությունների վրա, այսինքն՝ հավասարապես շեշտադրվում են սովորողի գիտելիքը, հմտությունը, դիրքորոշումը և արժեքային համակարգը: Այս գործընթացում համագործակցությունն առանձին դպրոցների, մասնավորապես մենթոր դպրոցների հետ ավելի իրատեսական է և կարող է շոշափելի արդյունքներ ապահովել ինչպես ուսուցիչների կարողությունների, այնպես էլ դպրոցների ենթակառուցվածքների զարգացման տեսանկյունից»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ անհրաժեշտության, հաջորդիվ ևս կազմակերպել քննարկումներ՝ ի նպաստ Հայաստանում կրթության առաջընթացի, և կուտակված դրական փորձի ընդլայնմամբ ոլորտում առկա խնդիրների լուծման:

Նշենք նաև, որ «Արարատյան բակալավրիատը» հայալեզու և միջազգայնորեն ճանաչված կրթական ծրագիր է, որն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ՝ ծրագրի միջազգային գործընկերներ Քեմբրիջի համալսարանի Քեմբրիջի գնահատման և միջազգային կրթության կենտրոնի (Cambridge Assessment International Education, Cambridge University) և Լոնդոնի համալսարանական քոլեջի կրթության ինստիտուտի (UCL Institute of Education) հետ համագործակցությամբ։