Ուսուցիչների վարձատրության բարելավման, ուսուցչի մասնագիտության գրավչության բարձրացման քաղաքականության շրջանակում 2023 թ. պետական բյուջեով նախատեսված են մի քանի նոր նախաձեռնություններ։ Մասնավորապես՝ 2023 թվականի սեպտեմբերից հավելավճարներ կտրամադրվեն գյուղական մինչև հարյուր աշակերտ ունեցող դպրոցների շուրջ 4418 ուսուցիչների:

Նպատակ ունենալով խրախուսել նոր ուսուցիչների մուտքը դպրոցներ և լրացնել առկա թափուր տեղերը՝ 2023 թվականի սեպտեմբերից հանրապետության բոլոր դպրոցների բնագիտական առարկաներ դասավանդող շուրջ 8135 ուսուցիչներին նույնպես կտրամադրվի հավելավճար ։

Վերանայվել է բազմահամակազմ դասարանների ձևավորման սկզբունքը, որով փոքր դպրոցներում յուրաքանչյուր երեխայի համար կապահովվի լիարժեք դասաժամ՝ բոլոր առարկաների ուսուցման համար: Բազմահամակազմ դասարան կձևավորվի միայն արվեստի և ֆիզկուլտուրայի ժամերին։ Բազմահամակազմ դասարաններում դասավանդող ուսուցիչները կստանան 50-75 % հավելավճար՝ մեկ ժամի համար։ Ծրագրի մեկնարկը նախատեսվում է սեպտեմբերից Սյունիքի մարզի դպրոցներում: