Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն աշխատանքային խորհրդակցության է հրավիրել ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կրթության, ֆինանսական և իրավաբանության ոլորտային պատասխանատուներին:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են 2023 թվականի հունվարից ուժի մեջ մտած «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի փոփոխություններով պայմանավորված դպրոցների կառավարման նոր մոդելին առնչվող հարցերը: Նշված փոփոխությամբ սահմանվել են տնօրենի և վարչատնտեսական համակարգողի գործառույթները, որոնց արդյունավետ իրագործման համար առաջնային է աշխատանքի կանոնակարգված իրականացումը:
Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող Վահրամ Գասպարյանը, հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, հանրակրթության, անձնակազմի կառավարման, ֆինանսական, իրավաբանական ստորաբաժանումների ներկայացուցիչները:
Ողջունելով ներկաներին՝ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ օրենքով սահմանված իրավակարգավորումները պետք է իրականացնել մարզերի և Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ, իսկ ընտրված մեխանիզմները պետք է ճիշտ պլանավորել, որոնցով էլ պայմանավորված կլինի աշխատանքի արդյունավետությունը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը, ևս մեկ անգամ ներկայացնելով դպրոցների կառավարման նոր մոդելը, փաստել է, որ հաստատության ուսումնական և վարչատնտեսական գործընթացների կառավարումը տարանջատվել են. ուսումնական մասի գործադիր մարմինը տնօրենն է, իսկ վարչատնտեսական գործընթացի կառավարումն իրականացնում է համակարգողը: Վարչատնտեսական գործառույթի իրականացումը համակարգողի առաջարկով լիազոր մարմինը կարող է պատվիրակել իրավաբանական անձի՝ նպատակ ունենալով հասնել մասնագիտացված ծառայությունների ստեղծմանը: Դպրոցում կառավարման լիազորությունների, պարտականությունների ու պատասխանատվության մասին դրույթները սահմանված են օրենքով:
«Այսօրինակ տարանջատման արդյունքում մենք ակնկալում ենք արդյունավետ կառավարում՝ գործառույթների և պատասխանատվության հստակ բաշխմամբ: Առանձնացնելով վարչական և տնտեսական գործառույթները` տնօրենին տրվում է լրացուցիչ ժամանակ` կրթական, ուսումնական, բովանդակային գործառույթներն ավելի լավ իրականացնելու համար: Կարող ենք ընդգծել, որ դպրոցի կրթության որակի ապահովման գործառույթը, որը պետության առաջնային նպատակն է, վերապահվում է տնօրենին»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը՝ հավելելով, որ վարչատնտեսական գործառույթների պատվիրակումն իրավաբանական անձին իրականացնում է լիազոր մարմինը՝ «Գնումների մասին» օրենքով սահմանված կարգով կազմակերպված մրցույթի պահանջներին համապատասխան, որի արդյունքում հաղթող ճանաչված իրավաբանական անձի հետ էլ կնքվում է պայմանագիրը:
Հանդիպման ընթացքում նշվել է նաև, որ, ըստ հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման նոր մոդելի, վարչական գործառույթներ են համարվում գնումների գործընթացը, սննդի և մաքրության կազմակերպումը, հաշվապահությունը, անվտանգության ապահովումը, ընթացիկ տեխնիկական սպասարկումը:
Մանրամասն քննարկվել է նաև, երբ վարչատնտեսական գործառույթների հիմնական ուղղություններից որևէ մեկի պատվիրակման համար նախատեսված մրցույթը չի կայանում, չեղյալ է համարվում, հաղթող չի ճանաչվում դեպքը:
Նշվել է, որ այդ գործառույթներն իրականացնող աշխատողների համակարգման աշխատանքներն իրականացնելու է հաստատության համակարգողը՝ մինչև օրենքով սահմանված կարգով տվյալ գործառույթի պատվիրակումը։ Անկախ պատճառներից՝ մրցույթը չկայանալու դեպքում պարբերաբար (առնվազն երկու ամիսը մեկ անգամ) հայտարարվելու է մրցույթ՝ մինչև հաղթող ճանաչվելը:
Նախարարի տեղակալը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ դպրոցի կառավարման նոր մոդելը կգործի այն դպրոցներում, որտեղ տնօրենի թափուր տեղի մրցույթը հայտարարվել է 2023 թվականի հունվարից հետո:
Քննարկման մասնակիցները հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման նոր համակարգի վերաբերյալ ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկները, բարձրաձայնել են խնդիրները, մի շարք հարցեր են ուղղել հանդիպման կազմակերպիչներին:
ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկումները կլինեն շարունակական՝ խնդիրներին հասցեական լուծումներ տալու նպատակով: