«Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծն այսօր Ազգային Ժողովի լիագումար նիստում քննարկվել է առաջին ընթերցմամբ: Հարցը զեկուցել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Ներկայացնելով օրենսդրական փոփոխության անհրաժեշտությունը՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ արտադպրոցական կրթության ոլորտը տարիներ շարունակ բարձիթողի վիճակում է եղել, ուստի անելիքները շատ են. «Առաջարկվող փոփոխություններով նախատեսում ենք ներդնել մասնագիտական զարգացման և վարձատրության բարձրացման փոխկապակցված մեխանիզմ, որն արդեն իսկ գործում է հանրակրթության ոլորտում»:

Ըստ նախարարի ներկայացրած տվյալների՝ ՀՀ-ում գործում են երաժշտական, արվեստի, գեղարվեստի, մանկապատանեկան ստեղծագործության 240 դպրոց և կենտրոն, որից 50-ը Երևանում է, իսկ 190-ը՝ մարզերում, ինչպես նաև՝ 174 սպորտային կազմակերպություններ: Տվյալ ուսհաստատություններում շուրջ 100.000 երեխաների համար ուսուցումն իրականացվում է ԿԳՄՍՆ-ի հաստատած օրինակելի ուսումնական պլաններով: Երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներում և ստեղծագործական կենտրոններում դասավանդում են 5.099 ուսուցիչներ, իսկ մարզական հաստատություններում՝ 2.100 մարզիչ-մանկավարժներ:

«Տարիներ շարունակ տվյալ ոլորտների մանկավարժների աշխատավարձերը չեն փոփոխվել: Կազմակերպությունների մեծ մասը համայնքային են, ուստի նրանց վարձավճարները խիստ տարբերվում են միմյանցից, ինչը ոլորտի քաղաքականության տեսանկյունից նույնպես խնդիր է: Առաջարկված ծրագրով ոլորտում աշխատող մանկավարժներն ատեստավորման գործընթացում ներգրավվելու հնարավորություն կունենան, ինչի արդյունքում պետական բյուջեից հավելավճար կհատկացվի: Ես խիստ կարևոր եմ համարում, որ պետական բյուջեի միջոցներով կարող ենք խրախուսել ոլորտի զարգացումը՝ միաժամանակ չխաթարելով այս կազմակերպությունների համայնքային բնույթը, ինչը շատ կարևոր է համայնքների հզորացման և խոշորացման քաղաքականության տեսանկյունից»,- նշել է ԿԳՄՍ նախարարը և հավելել, որ նախատեսվում է առաջին փուլով ատեստավորման հնարավորություն ընձեռել երաժշտական դպրոցների դաշնամուրի, երաժշտության տեսության առարկաների ուսուցիչներին, ինչպես նաև մարզադպրոցների ազատ ոճի, հունահռոմեական ըմբշամարտի, սամբոյի և ձյուդոյի մարզիչ-մանկավարժներին՝ ընդհանուր շուրջ 2.352 մանկավարժի:

Անդրադառնալով հավելավճարների հարցին՝ նախարարը նշել է, որ նախատեսվում է կիրառել հաստատված հավելավճարների սկզբունքը՝ հաշվի առնելով համայնքային կառույցներում առկա աշխատավարձերի տարբերությունը:

Այսպիսով՝ կգործի հավելավճարների երեք սանդղակ. 70-79 տոկոս արդյունքի պարագայում մանկավարժները կստանան 80.600 դրամ լրավճար (ներառյալ ԱԱՀ), 80-89 տոկոսի դեպքում՝ 111.500 դրամ, իսկ 90-100 տոկոսի դեպքում՝ 138.300 դրամ:

«Այս փոփոխությամբ մի շարք լիազորող նորմեր ենք ներդնում, որոնք թույլ են տալու կարգավորել ոլորտում բովանդակային չափորոշիչների հարցը, ծրագրերի երաշխավորման գործընթացը, ֆինանսավորումը և մի շարք այլ կարևոր խնդիրներ»,- ամփոփել է Ժաննա Անդրեասյանը:

Նիստի ընթացքում նախարարը պատասխանել է նաև ԱԺ պատգամավորների հարցերին: