ՀՀ ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեն հայտարարել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր-2023» մրցույթը:

Ծրագրով արտերկրում աշխատող, բարձր վարկանիշ ունեցող գիտնականները հնարավորություն կունենան հեռավար կարգով ղեկավարել Հայաստանի գիտական կազմակերպություններում ստեղծված գիտական խմբեր/լաբորատորիաներ՝ նորարար հետազոտական գաղափարներ իրականացնելու համար: Լաբորատորիայի ղեկավարի համար ազգային և տարիքային սահմանափակում չկա, ծրագիրը բաց է բոլոր բնագավառների գիտնականների համար, որոնք վերջին չորս տարվա ընթացքում 12 ամսից ավելի չեն ապրել Հայաստանում: Խմբի ղեկավարի համար նախատեսված է հոնորար՝ գործուղումով ՀՀ-ում գտնվելու ժամանակահատվածի համար՝ մինչև 3 միլիոն դրամ նախագծի կատարման ողջ ընթացքում։

Լաբորատորիան պետք է ունենա մինչև 40 տարեկան համաղեկավար, որը Հայաստանում համակարգելու է 2-5 հոգուց բաղկացած խմբի աշխատանքը: Իսկ խմբի կատարողների համար աշխատանքի վարձատրության միջին չափը սահմանվել է ամսական միջինը 300 հազար դրամ: Բացի այդ՝ գումարներ են նախատեսված նաև լաբորատորիայի ենթակառուցվածքի բարելավման, գործուղումների, սարքերի, նյութերի և ծառայությունների, փորձարարական հետազոտությունների համար: Ծրագրի հիմնական նպատակը Հայաստանի գիտական կազմակերպություններում հեռանկարային, ժամանակակից գիտական ուղղություններով նոր ստորաբաժանումների ստեղծումն է: Հինգ տարի տևողությամբ ծրագրի համար նախատեսվում է տրամադրել մինչև 150 միլիոն ՀՀ դրամ:

«Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիրն» առաջին անգամ հայտարարվել է 2022 թվականին, արդյունքում ֆինանսավորման է երաշխավորվել 18 գիտական թեմա:

Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվում է առցանց` https://rl-armenia-2023.scs.am համակարգի միջոցով՝ մինչև 2023 թ. ապրիլի 7-ը:

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ Գիտության կոմիտեի գիտական գործունեության կազմակերպման վարչությունից՝ զանգահարելով (010) 210140 (ներքին 108) կամ ուղարկելով նամակ էլեկտրոնային փոստով՝ scexpert@scs.am:

Մրցույթի հրավերի փաթեթը (հայերեն)

Մրցույթի հրավերի փաթեթը (անգլերեն