Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը, հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, մարմնամարզիկներ Արթուր Դավթյանն ու Հարություն Մերդինյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձել են Եվրոպայի 2027 թվականի առաջնության՝ Երևանում անցկացմանը:

Ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանի խոսքով՝ միջազգային ֆեդերացիային դիմել են ՀՀ կառավարության առաջարկությամբ և աջակցությամբ. «Միշտ ցանկացել ենք Հայաստանում որևէ բարձրակարգ միջազգային մրցաշար անցկացնել՝ հատկապես հաշվի առնելով այն, որ մարմնամարզությունում լավ արդյունքներ ենք գրանցում: Հասկանում ենք, որ առաջնության անցկացումը հսկայական ծախսերի հետ է կապված: Պետք է ունենանք առնվազն մեկ միջազգային կարգի մարզադպրոց, նոր մարզագույք՝ ամեն գործիքից 4 հավաքածու: Ի պատիվ ՀՀ կառավարության՝ կարողացանք իրականություն դարձնել մեր մեծ երազանքը: Եվրոպայի առաջնության անցկացումը բազմաթիվ հարցեր կլուծի նաև մարզաձևի ապագայի համար: Վստահ եմ՝ այս մրցաշարը լավագույններից մեկն է լինելու»:

Գագիկ Վանոյանը նշել է, որ 2027 թվականին Եվրոպայի առաջնությունն անցկացնելու հայտ էին ներկայացրել նաև Գերմանիան և Անգլիան: Ընդունող երկրի առջև դրվել են հստակ պահանջներ, որոնք պետք է կատարվեն:

Ֆեդերացիայի նախագահն ընդգծել է՝ առաջնության ավարտից հետո մարզագույքն առավելագույնս արդյունավետ բաշխվելու է նաև ՀՀ մարզերում: Հիմնական մրցաշարն անցկացվելու է Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Մարզումային համալիրը կլինի առանձին, իսկ նախամրցումայինը` կրկին կլինի համալիրում:

Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի խոսքով՝ սա երազանքի իրականացում է. «Արդյունքներ գրանցեցինք Եվրոպայի և աշխարհի առաջնություններում, Օլիմպիական խաղերում և հիմա հասել ենք այս կետին: Եվրոպայի առաջնության անցկացումը մեծ իրադարձություն է: Սրանով լուծում ենք նաև մարմնամարզության ապագայի հարցը, քանի որ մոտ 20 տարի որևէ խնդիր չենք ունենա մարզագույքի առումով»:

Մարմնամարզության աշխարհի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը ևս մեծ իրադարձություն է համարում Երևանում 2027 թվականի մարմնամարզության Եվրոպայի առաջնության անցկացումը.

«Միշտ հայրենիքից դուրս ենք մասնակցում մրցաշարերի, և առաջին անգամ է, որ մրցելու ենք մեր երկրում: Մեր մարզաձևի համար այս առաջնությունը շատ կարևոր է»,- ասել է Արթուր Դավթյանը՝ կարևորելով նաև այն հանգամանքը, որ նոր մարզագույքը հետագայում ծառայելու է երիտասարդ սերնդին:

Եվրոպայի չեմպիոն Հարություն Մերդինյանը վստահություն է հայտնել, որ մարզիկները կրկնակի պատասխանատվությամբ են մոտենալու Երևանում կայանալիք առաջնությանը և ամբողջ թիմով փորձելու են լավագույնս հանդես գալ: Փորձառու մարզիկը դեռևս վստահ չէ իր մասնակցության հարցում: Մերդինյանի խոսքով՝ եթե այդ տարիքում իրեն լավ զգա, ունենա լավ մարզավիճակ և վարժությունները կատարի նույնքան լավ, որքան հիմա, գուցե մասնակցի Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

Հիշեցնենք՝ Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախաձեռնությամբ և ՀՀ կառավարության աջակցությամբ մարմնամարզության Եվրոպայի կանանց և տղամարդկանց 2027 թվականի առաջնությունը կանցկացվի Երևանում: