ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի` հունվարի 31-ի նիստում քննարկվել է Կառավարության հեղինակած ««Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նախարարի խոսքով՝ փոփոխությունը բխում է «Կրթության զարգացման՝ մինչև 2030 թվականի պետական ծրագրի» դրույթներից, որն արդեն իսկ գործող օրենք է: Օրենքի նախագծով կարգավորվում են նաև որոշ հրատապ հարցեր, որոնք թույլ կտան ոլորտում ներդնել կամավոր ատեստավորման մեխանիզմը: Մասնավորապես, նախատեսվում է հաստատել կամավոր ատեստավորման կարգը, արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկը և դրանց նկարագիրը, ինչպես նաև ծրագրերի ֆինանսավորման սկզբունքներն ու մեթոդաբանությունը: Ժաննա Անդրեասյանը նշել է, որ վերոնշյալ նախագծով կանոնակարգվելու է նաև ուսումնական պլանների հաստատման գործընթացը, որն ամբողջական հնարավորություն կստեղծի ոլորտում իրականացվելիք բարեփոխումների համար:
Նախարարը շեշտել է, որ արտադպրոցական հաստատությունների մանկավարժները կկարողանան մասնակցել կամավոր ատեստավորման, որի արդյունքում կունենան վարձատրության բարձրացում: Հնարավոր շահառուների թիվը 2352 է, որից 1759-ը՝ արվեստի դպրոցների մանկավարժներ, 593-ը՝ մարզադպրոցների: Հավելավճարները կլինեն ֆիքսված գումարի չափով` 80-138 հազար դրամի չափով՝ ներառյալ հարկերը: ԿԳՄՍ նախարարի տեղեկացմամբ՝ գործընթացը կմեկնարկի մարտից. արդեն մայիսից արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողները հնարավորություն կունենան հավելավճարներ ստանալու: Նախատեսվում է հայտագրումն իրականացնել էլեկտրոնային եղանակով՝ կցելով սահմանված փաստաթղթերն ու պահանջվող տեղեկատվությունը։ Անկախ դասավանդած ուղղությունների քանակից՝ մանկավարժական աշխատողը տվյալ տարում կարող է ատեստավորման հայտ ներկայացնել միայն մեկ ուղղությամբ՝ իր ընտրությամբ։
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը հարակից զեկուցմամբ նշել է, որ օրենսդրական այս փոփոխությամբ կիրականացվի փորձնական ծրագիր, որի արդյունքում արտադպրոցական հաստատության մանկավարժները ևս հավելավճար կստանան 5 տարի ժամկետով:
Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն: Առաջարկվել է հարցը քննարկել 24-ժամյա ընթացակարգով, ինչն ընդունվել է հանձնաժողովի կողմից:
Հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվել և դրական եզրակացություն է ստացել նաև ««Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» նախագիծը, որը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Նախագծով առաջարկվում է ռազմական խաղերը նույնպես ներառել պարգևատրվող մարզաձևերի և միջոցառումների ցանկում, քանի որ բանակային խաղերն իրենց մասշտաբով զիջում են միայն Օլիմպիական խաղերին և համարժեք են ուսանողական խաղերին: Նախագծով առաջարկվում է սահմանել նաև լիազորող նորմ, ինչպես նաև ամրագրել, որ տարեկան ծրագրերը հաստատվում են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման լիազորված մարմնի կողմից: