ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական ուսումնական հաստատությունների կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի անդամների և մանկավարժական աշխատողների բարեվարքության կանոնների նախագիծը:

Փաստաթղթով կարգավորվում են դպրոցի մանկավարժական աշխատողների վարքականոնին ներկայացվող պահանջները, ինչպես նաև ոլորտի շահառու հանդիսացող աշակերտների և ծնողների հետ փոխհարաբերությունները՝ էթիկայի նորմերի շրջանակում: Նախագիծը հանրակրթության ոլորտում ուսումնական գործընթացի մասնակիցների գործունեությունը կարգավորող յուրահատուկ վարքականոն է, որն ուրվագծում է հարաբերությունների այն ոլորտը, որը չի կանոնակարգվում իրավական նորմերով:

Փաստաթղթի ստեղծման համար հիմք է հանդիսացել հանրակրթության նպատակաուղղվածության առավել արդյունավետ իրագործումը՝ անձի ուսուցման և դաստիարակության գործընթացը զուգակցելով էթիկայի նորմերի ներդրմամբ։

Իրենց վերապահված գործառույթներն իրականացնելիս խորհրդի անդամի և մանկավարժական աշխատողների գործունեությունը պետք է համահունչ լինի պետության կողմից երեխայի՝ որպես հասարակության լիիրավ քաղաքացու ձևավորման առաջնահերթության սկզբունքներին:

Հասարակության մեջ մարդու՝ իբրև բարձրագույն արժեքի ձևավորման և կայուն զարգացման ապահովման գրավականը կրթության դերի բարձրացումն է, որը իրատեսական կդառնա, եթե՝

  • անձը գիտակցի դրա անհրաժեշտությունը,
  • բարձրանան դպրոցի և ուսուցչի դերն ու հեղինակությունը,
  • անձի դաստիարակությունը բխի հասարակական բարոյական հատկանիշներից,
  • անձի սոցիալականացման գործընթացի հիմք ընդունվի վարքականոնների յուրացումը՝ տվյալ հասարակությանը բնորոշ սոցիալական փորձով,
  • անձը տիրապետի իր հասարակական դերին,
  • հասարակական հարաբերությունների կարգավորման գործում կարևորվի դաստիարակությունը՝ էթիկայի նորմերի յուրացման պարտադիր պայմանով։

Տեղեկատվական դաշտը լայն հնարավորություն է ընձեռում վարքականոնների մասին տարատեսակ ուսուցողական նյութեր ձեռք բերելու և կիրառելու համար, սակայն ցանկալի և համանման արդյունք ունենալու, միասնական նպատակաուղղվածություն ապահովելու համար անհրաժեշտ է հաստատությունում գործընթացի կազմակերպման մասնակից հանդիսացող մանկավարժական աշխատողների և խորհրդի անդամների համար ունենալ սահմանված վարքականոններ։

Մանկավարժական աշխատողների գործունեությունն ու վարքագիծը վերահսկելու, կարողությունը խթանելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել փաստաթղթի դրույթների պատշաճ իրազեկում:

Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև փետրվարի 11-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: