ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը մասնակցել է Արարատի մարզի Աբովյան գյուղի միջնակարգ դպրոցի՝ նոր վերանորոգված մարզադահլիճի բացմանը:

Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել նաև Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, ՀՀ-ում Հնդկաստանի փոխդեսպան Թեջաս Փագարը, «Արի գյուղ, գյուղում կյանք կա» նախաձեռնության հեղինակ Անահիտ Գևորգյանը և այլք: Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսը ներկաներին դիմել է տեսաուղերձով։

Աբովյանի միջնակարգ դպրոցի մարզադահլիճի վերանորոգման գործում ներգրավվել են մի շարք անհատ բարերարներ. այն իրականացվել է «Արի գյուղ, գյուղում կյանք կա» ծրագրի շրջանակում: Արդյունքում վերանորոգվել են մարզադահլիճի սպորտային հատակը և հանդերձարանները, լուծվել է ջեռուցման ու լուսավորության հարցը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ լուծվել է մարզադահլիճի գույքային հագեցվածության խնդիրը. դպրոցն արդեն ունի թենիսի սեղան, մագլցման պարաններ, վոլեյբոլի ցանց, տարբեր մարզաձևերի գնդակներ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը կարևորել է նմանօրինակ նախաձեռնությունները՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ Կառավարությունը նոր դպրոցների, մանկապարտեզների կառուցման ու հիմնանորոգման լայնամասշտաբ ծրագիր է իրականացնում. «Կառավարությունն իրականացնում է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը, և մի քանի տարի անց Հայաստանում նմանօրինակ դահլիճների խնդիր չենք ունենա, սակայն մասնավոր նախաձեռնությունները ևս շատ կարևոր են, քանի որ յուրաքանչյուրս դպրոցում անելիք ունենք»:

Նրա խոսքով՝ «Ֆիզկուլտուրա» առարկան հսկայական դեր ունի անհատի կերտման գործընթացում, իսկ առարկայի կարևորությունը բարձրացնելն ու երբեմնի մակարդակին հասցնելն առաջնային խնդիրներից մեկն է:

«Կեցվածք, պայքարի ունակություն, առողջություն. այս ամենը կերտում է «Ֆիզկուլտուրա» առարկան, և մենք ամեն ինչ անելու ենք, որ մեր դպրոցներում այդ առարկան առավել կարևորվի»,- նշել է Կարեն Գիլոյանը՝ շնորհակալություն հայտնելով նախաձեռնության հեղինակներին:

Արարատի մարզի Աբովյան գյուղի դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցչուհի Գոհար Գևորգյանը, որը թեթև աթլետիկայի Հայաստանի չեմպիոն է, խոստանում է նոր մարզադահլիճում նոր չեմպիոններ կրթել:

Դպրոցը շուրջ 200 աշակերտ ունի, որոնք նաև հաջողություններ են գրանցել տարբեր մարզաձևերում: