Վանաձորի աթլետիկայի մարզադպրոցում hունվարի 28-ին կայացել է Լոռու մարզի աթլետիկայի ֆեդերացիայի ձմեռային բաց առաջնությունը: Մրցաշրջան-2023-ի մեկնարկային մրցաշարին մասնակցել են Երևանի, Գյումրիի, Վանաձորի, Արտաշատի և Կապանի հավաքական թիմերի՝ 20 տարեկան և ավելի ցածր տարիքի շուրջ 130 մարզիկներ։
Մրցաշարին մասնակցել են նաև Հայաստանի մեծահասակների տղամարդկանց և կանանց հավաքականների մարզիկները։
Մրցաշարին ներկա է եղել և հաղթողներին պարգևատրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը։
50 մ. վազք մրցաձևի աղջիկների պայքարում հաղթողի կոչումը նվաճել է Նինա Մուրադյանը` Գյումրիից, որը մրցատարածությունը հաղթահարել է 6,6 վայրկյանում: Նույն մրցաձևի տղաների պայքարում լավագույն արդյունքը՝ 5,9 վայրկյան, գրանցել է Սամվել Մելքոնյանը` Վանաձորից: 400 մ. վազք մրցաձևի աղջիկների պայքարում հաղթող է ճանաչվել Ռայիսա Սիմոնյանը՝ 1.03,1 վայրկյան արդյունքով, տղաների պայքարում՝ Արամ Արամյանը (54,4 վայրկյան): 800 մ. վազք մրցաձևում լավագույն արդյունքը ցույց են տվել Մարի Սարգսյանը (2.31,7 վրկ) և Վանիկ Մանդալյանը (2.07,4), իսկ 1500 մետր վազք մրցաձևում ոսկե մեդալները նվաճել են Լիանա Մարտիրոսյանը (5.41,0) և Արման Ղամբարյանը (4.20,7): Հեռացատկի մրցումներում հաղթող են ճանաչվել Սոֆիա Ջավախյանը` 5,21 սմ արդյունքով, և Հրաչյա Մինասյանը (7,07սմ): Եռացատկի մրցումներում ևս Սոֆիա Ջավախյանը ցույց է տվել լավագույն արդյունքը՝ 11,58 սմ արդյունքով, իսկ տղաների պայքարում ոսկե մեդալին արժանացել է Գոռ Հովակիմյանը (15,44 սմ):
Հաղթողներն ու մրցանակակիրները պարգևատրվել են Լոռու մարզի աթլետիկայի ֆեդերացիայի պատվոգրերով և մեդալներով: Նրանք նվերներ են ստացել նաև ԱՄՆ-ում բնակվող հայ գործարար, մրցման հովանավոր Արին Բողոսյանի կողմից:
Մրցաշարի ընթացքում ամենաբարձր արդյունք գրանցած մարզիկը և մարզուհին` Գոռ Հովակիմյանը և Նինա Մուրադյանը, պարգևատրվել են նաև հովանավորի գավաթներով։
Մրցաշարի ընթացքում բարձր արդյունքներ են գրանցել Հայաստանի հավաքականի առաջատար մարզիկները` Յանա Սարգսյանը (հեռացատկ 6,04 սմ և եռացատկ 13,20 սմ), Լևոն Աղասյանը (եռացատկ 16,37) և Երվանդ Մկրտչյանը (վազք 800 մ.՝ 1.56,9 վրկ):