Հունվարի 28-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել են Արամ Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված դպրոց։ Նախարարն ու տեղակալը ներկա են գտնվել Բանակի օրվան նվիրված՝ դպրոցի սաների ցուցադրական վարժանքին, որի ընթացքում սովորողները ենթադրյալ դիվերսիոն գործողության չեզոքացում են կատարել։
Շնորհավորելով Բանակի օրվա կապակցությամբ՝ նախարարը երախտագիտություն է հայտնել ՀՀ զինված ուժերի բոլոր զինծառայողներին և հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած հերոսներին․ «Մենք շնորհակալ ենք այն զինծառայողներին, որոնք այսօր կանգնած են սահմանին և պաշտպանում են մեր երկրի անվտանգությունը։ Մեր ամենօրյա աշխատանքով և հոգածությամբ պետք է ցույց տանք մեր շնորհակալությունն ու հարգանքը ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչների և նրանց ընտանիքների նկատմամբ»։
ԿԳՄՍ նախարարը շրջել է դպրոցում, ծանոթացել ընդհանուր և մասնագիտացված դասարանների ուսումնառության պայմաններին, խնդիրներին ու տեղում տվել հանձնարարականներ՝ ենթակառուցվածքների բարելավման վերաբերյալ։
Նախարարի խոսքով՝ ռազմական կրթության ասպարեզում պետությունը լուրջ անելիք ունի։ Առաջին ուղղությունը «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դասավանդման համընդհանուր բարելավումն է, որը պարտադիր է բոլոր դպրոցներում սովորողների համար։
«10-11-րդ դասարանների սովորողների համար ներդրվել է մարզառազմական ճամբարների ծրագիրը, որը հանրակրթության նոր չափորոշչով պարտադիր է` որպես «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ուսուցման գործնական բաղադրիչ։
Հաջորդ ուղղությունը մասնագիտական կրթությունն է, որի բարելավման ուղղությամբ ևս ծրագրային քայլեր են իրականացվում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ ավելացնելով, որ այս պահին գործում է երեք մարզառազմական մասնագիտացված դպրոց, որոնցից մեկն էլ Արամ Մանուկյանի անվան հաստատությունն է։
Նախարարի տեղեկացմամբ՝ քննարկվում է սպայական դպրոցի ստեղծման ծրագիրը, որն իր բովանդակությամբ և որակով լինելու է զինվորական կրթություն իրականացնող նոր կառույց։ Ռազմական կրթության կարևորությունը շեշտադրվելու է նաև բարձրագույն կրթության բարեփոխումներում՝ Պաշտպանության նախարարության և այլ կառույցների հետ համագործակցությամբ։
Արամ Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված դպրոցը Կոտայքի մարզի Աղվերան բնակավայր է տեղափոխվել այս ուսումնական տարվանից։ Նախկին դպրոցական ճամբարի տարածքում տեղակայված հաստատությունն ունի նոր մարզադահլիճի և այլ բարեկարգման աշխատանքների կարիք, թեև, ինչպես դպրոցի տնօրեն Արկադի Պետրոսյանն է նշում, մինչ տեղափոխությունը նորոգման աշխատանքներ արդեն իսկ կատարվել են։
Դպրոցում ուսումնառությունն իրականացվում է 6-րդ դասարանից սկսած․ այստեղ հաճախող երեխաներն անցնում են հանրակրթության չափորոշչով նախատեսված բոլոր առարկաները, ինչպես նաև ստանում հավելյալ մասնագիտական կրթություն՝ մարզառամական ուղղվածությամբ։
Մինչ այժմ դպրոցում կրթությունը կազմակերպվել է հիմնական դպրոցի ծրագրով՝ մինչև 9-րդ դասարան։ Տնօրենի խոսքով՝ իրականացվելու է նաև ավագ դպրոցի ծրագիր՝ գալիք ուսումնական տարվանից սկսած։
ԿԳՄՍ նախարարի՝ դպրոց կատարած այցի շրջանակում քննարկվել են գույքի թարմացման, տեխնիկական համալրման և այլ հարցեր։
Հանրակրթական դպրոցներում հաստատված 900-ից ավելի արտաուսումնական խմբակների մեծ մասը ռազմահայրենասիրական բնույթի է։
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե մարզառազմական խմբակների գործունեությունը սահմանափակելու վերաբերյալ խոսակցությունները որքանո՞վ են իրավացի, ԿԳՄՍ նախարարը նշել է․ «Դա ապատեղեկատվություն է, նման բան չկա ու չի կարող լինել։ Այս ուսումնական տարվա ընթացքում արդեն իսկ հաստատվել և երաշխավորել են 900-ից ավելի արտաուսումնական խմբակների ծրագրեր, որոնց զգալի մասը կրում է ռազմահայրենասիրական, զինվորական պատրաստության բնույթ: Որևէ խոսք և որևէ ծրագիր ռազմահայրենասիրական խմբակի կամ դասընթացի դադարեցման, կասեցման մասին ուղղակի չեն եղել»,- նշել է նախարարը:
Նրա խոսքով՝ 2017 թվականին մեր երկիրը միացել է «Անվտանգ դպրոցներ» միջազգային հռչակագրին, որով սահմանված է՝ զերծ մնալ դպրոցների տարածքներում զինված ստորաբաժանումների տեղակայումից, քանի որ այդ դեպքում ուսումնական հաստատությունները դառնում են թիրախ։
««Անվտանգ դպրոցներ» ծրագրի նպատակը ուսումնական հաստատությունների անվտանգությունը բարձրացնելն է»,- պարզաբանել է նախարարը՝ շեշտելով, որ տեղեկատվության միտումնավոր կեղծումն անթույլատրելի է։