ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն հայտարարում է գիտական կազմակերպությունների աշխատակիցների մասնագիտական վերապատրաստման ծրագրերի hայտերի ընտրության մրցույթ, որն ուղղված է ՀՀ պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորմամբ ծրագիր իրականացնող գիտական կազմակերպությունների ու բուհերի աշխատակիցների մասնագիտական վերապատրաստմանը և որակավորման բարձրացմանը:
Մրցույթի նպատակներն են՝
- աջակցել հետազոտողների մասնագիտական որակավորման բարձրացմանը,
- բարձրացնել կազմակերպությունների գիտական ներուժը,
- հետազոտողներին ընձեռել արտերկրի լավագույն գիտական կազմակերպություններում և բուհերում վերապատրաստվելու հնարավորություն,
- օգտագործել և փոխառել գիտահետազոտական գործունեության մեջ առաջատար երկրների փորձն ու հմտությունները,
- նպաստել հետազոտողների ինտեգրմանը միջազգային հետազոտական տարածքում,
- ներգրավել Սփյուռքի գիտական ներուժը,
- նպաստել գիտության ոլորտում միջազգային համագործակցության զարգացմանը:
Մրցույթին դիմել կարող է 35-50 տարեկան, գիտական աստիճան ունեցող անձը, որը ՀՀ պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորմամբ ծրագիր իրականացնող գիտական կազմակերպության կամ բուհի հետ ունի պայմանագիր, զբաղվում է գիտահետազոտական գործունեությամբ և վերջին հինգ տարիների ընթացքում ունի կոնկրետ պահանջների բավարարող հրապարակումներ (խումբ 3): Դիմել կարող է նաև ՀՀ պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման որևէ ծրագրում ընդգրկված մագիստրատուրայի ուսանողը (խումբ 4):
Վերապատրաստման ծրագրի տևողությունը կարող է լինել 2-ից մինչև 12 ամիս: Մրցույթի շահառուներին կտրվի ամսական մինչև 900 000 (խումբ 4-ի դեպքում՝ մինչև 800 000) դրամ՝ որպես վերապատրաստման վճար և մինչև մեկ միլիոն դրամ՝ այլ ծախսերի համար (վիզա, ճանապարհածախս, ապահովագրություն և այլն):
Հայտատուն ընդունող օտարերկրյա կազմակերպությունում պետք է ունենա գիտությունների դոկտորի (PhD) կամ համարժեք գիտական աստիճան ունեցող ղեկավար/մենթոր, որը վերապատրաստման ընթացքում կհամակարգի նրա մասնագիտական գործունեությունը:
Հայտերը քննարկելիս առավելություն կտրվի այն ծրագրերին, որոնց դեպքում վերապատրաստվողը ընդունող կազմակերպությունում աշխատելու է այնպիսի գերժամանակակից սարքավորումներով, որոնցից առկա են կամ գնվելու են հայաստանյան կազմակերպությունում:
Հիշեցնենք, որ 2022 թ. նոյեմբերին Գիտության կոմիտեն հայտարարել էր գիտական կադրերի (PhD, PostDoc) վերապատրաստման ծրագրերի hայտերի ընտրության մրցույթը, որին կարող են մասնակցել մինչև 35 տարեկան հայցորդներն ու ասպիրանտները (խումբ 1՝ PhD) և գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցող երիտասարդ գիտնականները (խումբ 2՝ PostDoc):