ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է Հայաստանում հաշմանդամային սպորտով զբաղվող հասարակական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների:

Հաշմանդամային սպորտի խնդիրների, նախորդ տարի իրականացված միջոցառումների և 2023 թվականին սպասվելիք ծրագրերի վերաբերյալ քննարկմանը ներկա են եղել Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի փոխնախագահ Գևորգ Հովհաննիսյանը, Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ստեփանյանը, Հայաստանի պարաաթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ստաս Նազարյանը, նախարարության և այլ ֆեդերացիաների ներկայացուցիչներ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդգծել է, որ պետության կողմից հաշմանդամային սպորտին տրամադրվող ֆինանսական աջակցության ավելացումից հետո, բնական է, պահանջները ևս մեծանում են՝ դրանց վերաբերյալ հետևողական մոտեցում ենթադրելով:

2022 թվականին հաշմանդամային սպորտին առնչվող ծառայությունների ծրագրով պետական ֆինանսավորմամբ նախատեսված է եղել ավելի քան 112 մլն դրամ. փաստացի ծախսվել է 82 մլն 500 հազար դրամ: 2023 թվականին պետական բյուջեով հաստատվել է 127 մլն դրամ ֆինանսական աջակցություն՝ ֆեդերացիաների ներկայացրած միջոցառումների ցանկի հիման վրա:

Հաշմանդային սպորտով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները կարևորել են ադապտիվ սպորտի զարգացմանն ուղղված քայլերի միասնական և համակարգված մոտեցման անհրաժեշտությունը: Նրանք ներկայացրել են 2022 թվականին իրականացրած միջոցառումները, գրանցած արդյունքները և խոսել նաև այս տարի նախատեսված ծրագրերի մասին: Մասնավորապես, անդրադարձեր են կատարվել անվասայլակով բասկետբոլի, պարաաթլետիկայի, պարածանրամարտի, պարաբազկամարտի, հաշմանդամային սեղանի թենիսի և մի շարք այլ մարզաձևերում իրականացված աշխատանքներին: Ընդգծվել է, որ միջազգային մրցաշարերի մասնակցության համար մարզիկների ընտրությունը պետք է կատարվի՝ հիմնվելով Հայաստանի առաջնությունների արդյունքների վրա:

«Սպորտում կան մրցումներ՝ հստակ չափորոշիչներով: Մրցման մեջ է որոշվում, թե ով է ուժեղ, ով՝ թույլ և ով պետք է մեկնի մրցման: Որոշ կազմակերպություններ, չանցկացնելով Հայաստանի առաջնություններ, ձևավորում են ազգային հավաքականներ: Սա անընդունելի է: Պետք է բացառենք այսպիսի տարերային բնույթով հավաքականների կազմերի ընտրությունը»,- ասել է Կարեն Գիլոյանը:

Հանդիպման ընթացքում կարևորվել է նաև Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի և հասարակական կազմակերպությունների միջև առկա խնդիրների լուծման անհրաժեշտությունը՝ հարաբերությունները դարձնելով ավելի թափանցիկ և գործընկերային, ինչպես նաև երկկողմ համագործակցության մակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքների իրականացումը՝ բացառելով խտրական և կողմնակալ վերաբերմունքը:

Նշենք, որ մինչև 2019 թվականը պետական ֆինանսական աջակցություն է ստացել հաշմանդամային սպորտով զբաղվող ընդամենը 4 հասարակական կազմակերպություն, իսկ դրամական աջակցության ընդհանուր չափը կազմել է մոտ 9 մլն դրամ, որը կարող էր ավելանալ՝ տվյալ տարում Պարալիմպիկ կամ Սուրդլիմպիկ խաղերի առկայությամբ պայմանավորված:

2022 թվականին ադապտիվ սպորտին առնչվող ծառայությունների ծրագրով իրականացվել են Հայաստանի 9 առաջնություն, ուսումնամարզական 3 հավաք, զանգվածային 3 միջոցառում: Հաշմանդամություն ունեցող մարզիկները մասնակցել են միջազգային 9 մրցման, նվաճել 15 ոսկե, 5 արծաթե և 18 բրոնզե մեդալ: