ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն հայտարարում է «Հայաստանի Հանրապետության գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրմանն աջակցության ծրագիր-2023» մրցույթը: Մրցույթին կարող են ներկայացվել նախագծեր գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառներից։
Նախագծերն իրականացվելու են հայաստանյան գիտական կազմակերպությունում արտերկրի գիտնականների ղեկավարությամբ՝ 5 տարի տևողությամբ: Այդ ընթացքում խմբի ղեկավարն ու կատարողները պետք է բնակվեն Հայաստանի Հանրապետությունում:
Խմբի ղեկավար կարող է լինել 1973 թ. հունվարի 1-ից հետո ծնված այն անձը, որը չպետք է վերջին 4 տարիների ընթացքում հանրագումարային առավելագույնը 12 ամիս ուսումնառած կամ աշխատած լինի Հայաստանում, և որը գիտական աստիճանը ստացել է 2016 թ. հունվարի 1-ից (Շեմ 1) կամ 2003 թ. հունվարի 1-ից (Շեմ 2) հետո։ Խմբի ղեկավարը պետք է ներկայացնի վերջին 5 տարիներին միջազգային գիտատեղեկատվական տարբեր շտեմարաններում որոշակի քանակի հրապարակումներ:
Խումբը պետք է ունենա արտերկրի գործընկեր (Foreign Partner/Collaborator)՝ արտերկրում համապատասխան մասնագիտությամբ աշխատող, որոշակի Հիրշի ինդեքս ունեցող ակտիվ գիտնական, որը կպարտավորվի թեմայի կատարման ընթացքում առնվազն 25 օր այցելել Հայաստան և նույնքան ժամանակ ընդունել խմբի անդամներին համապատասխան արտասահմանյան գիտական հաստատություններում։
Մրցույթի պայմաններում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում գիտության ոլորտի երիտասարդների ներգրավմանը: Խմբի անդամներից առնվազն երկուսը պետք է ծնված լինեն 1988 թ. հունվարի 1-ից հետո և կարող են լինել առնվազն բակալավրիատի երրորդ կուրսի ուսանողներ: Շեմ 1-ի բնագավառների համար խմբում կարող են ընդգրկվել համապատասխան մասնագիտությամբ բակալավրիատի առնվազն առաջին կուրսի ուսանողներ, եթե դպրոցական առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում 11-րդ կամ 12-րդ դասարաններում արժանացել են առնվազն երրորդ կարգի դիպլոմի։ Խմբի երիտասարդ կատարողներից առնվազն մեկը դիմելու պահին պետք է չլինի ՀՀ գիտական կազմակերպության աշխատակից։
Նախագծի իրականացումից հետո խմբից պահանջվում է ունենալ հրապարակումներ միջազգային գիտական շտեմարաններում ընդգրկված բարձր վարկանիշ ունեցող պարբերականներում: Խմբից ակնկալվում է նաև նախագծի կատարման արդյունքում խոշոր միջազգային գիտական դրամաշնորհի առնվազն մեկ դիմում (submitted grant):
Մրցույթի նպատակներն են խթանել ներպետական և միջազգային համագործակցությունը, ներգրավել Սփյուռքի գիտական ներուժը, ներգրավել երիտասարդ հետազոտողների ու ասպիրանտների, նպաստել նրանց՝ միջազգային հետազոտական տարածքում ինտեգրմանը, բարձրացնել կազմակերպությունների ներուժը՝ դրանցում նոր, մրցունակ և հեռանկարային գիտական ստորաբաժանումներ ստեղծելով: Նախագծերը պետք է լինեն հավակնոտ, խոստումնալից և իրագործելի:
ՀՀ գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրմանն աջակցության նպատակով մրցույթն անցկացվում է երկրորդ անգամ. այս տարվա հունիսին հայտարարված առաջին մրցույթի արդյունքում ընտրվել է 5 նախագիծ: Մրցույթը անցկացվելու է պարբերաբար:
Մրցույթին մասնակցելու հայտը լրացնում և ներկայացնում է խմբի ղեկավարը՝ irf-2023-armenia.scs.am առցանց համակարգի միջոցով մինչև 2023 թ. փետրվարի 24-ը ներառյալ (ուղարկման հնարավորությունն արգելափակվում է Երևանի ժամանակով ժամը 18:00-ին):
Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն և խորհրդատվություն կարելի է ստանալ ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի գիտական գործունեության կազմակերպման վարչությունից, հեռախոս՝ (010) 210140 (ներքին 108), էլեկտրոնային փոստ՝ scexpert@scs.am: