Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ««Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մաuին»», ««Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին»» և ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»» օրենքները:

Ներկայացնելով Կառավարության հեղինակած «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխությունները՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ներկայացված առաջարկները հաշվի են առնվել նախագծի լրամշակման ընթացքում. «Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագիծը քննարկվել է պատգամավորների հետ, ներկայացվել են տասնյակ առաջարկներ, որոնք մեծամասնությամբ ընդունվել են: Այս փոփոխություններով մենք հնարավորություն ենք ստանալու ոլորտում ներդնել մասնագիտական զարգացման և վարձատրության փոխկապակցման մեխանիզմ, ինչպիսին ատեստավորման և տարրակարգերի մեխանիզմներն են»:

Նախարարը նշել է, որ ՄԿՈՒ ոլորտում ատեստավորման գործընթացի մեկնարկը նախատեսվում է 2024 թվականից: Նոր մեխանիզմները հնարավորություն կտան փոխելու ՄԿՈՒ ոլորտում աշխատողների դրույքաչափը՝ մանկավարժների մասնագիտական զարգացման հետ փոխկապակցված վարձատրության ճկուն համակարգի ներդրմամբ:

Օրենսդրական մյուս փոփոխություններով ևս կարգավորվում են հրատապ լուծում պահանջող հանրակրթության ոլորտի մի շարք խնդիրներ: