Առավել կկանոնակարգվի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման բնագավառի իրավական դաշտը:

Այս մասին հունվարի 16-ին ԱԺ նիստում ազդարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը` հավելելով, որ օրենսդրական փաթեթը միաժամանակ կնպաստի պատմության և մշակույթի հուշարձանների բնագավառում իրականացվող մշակութային գործունեության նկատմամբ պատասխանատվության բարձրացմանը` էապես նպաստելով համակարգում առկա հիմնախնդիրների լուծման արդյունավետությանը, ինչպես նաև պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության ոլորտում միասնական պետական քաղաքականության մշակմանը:

««Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»», ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին»» օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել պատմամշակութային անշարժ ժառանգության պահպանությանը և օգտագործմանը վերաբերող հասկացությունները, հուշարձանների հաշվառման, նորահայտ հուշարձան պետական ցուցակում ընդգրկելու կարգը:

Նախարարի տեղակալի խոսքով՝ նախագծով ամրագրվում է, որ հուշարձան լինելու կամ հուշարձանների պահպանական գոտու տարածքում գտնվելու մասին տեղեկությունն այսուհետ ներառվելու է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականում: Առաջարկվում է նաև ներդնել բնագավառում առկա խնդիրների համապարփակ լուծման մեխանիզմներ:

Միաժամանակ, պատմամշակութային անշարժ ժառանգության օրենսդրության կատարելագործումը միտված է գործող օրենքը համապատասխանեցնելու բնագավառի միջազգային կոնվենցիաների պահանջներին և չափանիշներին:

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է ««Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»» և ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին»» օրենքները: