Հանրապետությունում մեկնարկել է 2023 թվականի բուհական ընդունելության միասնական քննությունների առաջին փուլը:
Հունվարի 15-ին տեղի են ունեցել «Քիմիա» և «Ռուսաց լեզու» առարկաների քննությունները:
ՀՀ ամբողջ տարածքում քննական գործընթացը կազմակերպվել է 14 քննական կենտրոնում, որոնցից 3-ը՝ Երևանում, 11-ը՝ մարզերում: Մասնավորապես, Սյունիքում՝ Գորիսում ու Կապանում, գործել է երկու, իսկ մնացած մարզերում՝ մեկական կենտրոն:
«Քիմիա» առարկայի համար հայտագրվել է 738 դիմորդ, որոնցից քննությանը մասնակցել է 718-ը: Բացակայել է 16 դիմորդ, իսկ 4-ը՝ հեռացվել: Քննությունը տևել է 3 ժամ:
«Ռուսաց լեզու» առարկայի համար հայտագրված 130 դիմորդից քննությանը մասնակցել է 129-ը: Քննությունը տևել է 2,5 ժամ:
Քննական հարցաշարերի ճիշտ պատասխանները տեղադրված են Գնահատման և թեստավորման կենտրոնի կայքում: Քննությունների արդյունքները կհրապարակվեն քննությունից 5 օր հետո՝ հունվարի 20-ին:
Բողոքարկման համար դիմումներն ընդունվելու են հաջորդ օրը՝ հունվարի 21-ին (այն քննական կենտրոնում, որտեղ հանձնվել է քննությունը), ժամը 9:00-18:00-ն: