«Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկվել և դրական եզրակացություն է ստացել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 13-ի հերթական նիստում:
Օրինագծով նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտում կներդրվեն նոր ընթացակարգեր, որոնք հնարավորություն կտան բարելավելու ՄԿՈՒ հաստատությունների շուրջ 7000 աշխատակիցների մասնագիտական զարգացման և վարձատրության փոխկապակցման մեխանիզմը:
Հիմնական զեկուցող ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել համատեղ արդյունավետ աշխատանքի համար և նշել, որ այդ համագործակցության շնորհիվ հաջողվել է երկրորդ ընթերցումից առաջ նախագծում կատարել այն հիմնական փոփոխությունները, որոնք թույլ են տալիս գործող օրենքի ձևակերպումները շատ ավելի համահունչ դարձնել այս պահին զուգահեռաբար շրջանառվող նոր օրենսդրական փաթեթին:
Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նախագծի առաջին քննարկումից հետո մի շարք առաջարկներ են ստացվել, որոնք գրեթե ամբողջությամբ ընդունվել են: Նրա խոսքով՝ նախագծի ընդունման դեպքում կստեղծվի իրավական հիմք (լիազորող նորմ), որը հնարավորություն կընձեռի ՀՀ կառավարությանը և կրթության պետական կառավարման լիազորված մարմնին ընդունելու ՄԿՈՒ ոլորտը բարելավող ենթաօրենսդրական իրավական ակտեր:
Առաջարկվում է ներդնել ատեստավորման և տարակարգերի մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան փոխելու ՄԿՈՒ ոլորտում աշխատողների դրույքաչափը, ինչպես նաև սահմանելու հավելավճարներ: Կսահմանվի նոր մասնագիտությունների ներդրման, հաստատությունների և դրանցում իրականացվող ծրագրերի տեղաբաշխման ռացիոնալացման, ընդունելության տեղերի բաշխման նոր մեթոդաբանություն, ինչպես նաև կներդրվեն վարձատրության մեխանիզմների բարելավման հետ փոխկապակցված մանկավարժների մասնագիտական զարգացման և ատեստավորման ճկուն համակարգեր:
Ատեստավորման գործընթացի մեկնարկը նախատեսվում է 2024 թվականից:
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է նաև ««Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում են կարգավորումներ կրթական հաստատությունների և կրթական ծրագրերի լիցենզավորման համակարգում:
Օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունները միտված են բարձրացնելու կրթության որակը և հավելյալ գործիքակազմ կստեղծեն այդ հարցում գործուն մեխանիզմներ ապահովելու համար:
Հանձնաժողովն օրենքների նախագծերին տվել է դրական եզրակացություն: