Հունվարի 13-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ դրական եզրակացություն է տրվել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթին:

Նիստին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

Վերոնշյալ օրենքներում փոփոխություն կատարելու հրատապությունն ու անհրաժեշտությունը բխում են պատմամշակութային ժառանգության պահպանության և պաշտպանության կարևորությունից:

Առկա խնդիրները վկայում են, որ հուշարձանի սեփականատերերը հաճախ տեղյակ չեն լինում, որ ձեռք են բերում հուշարձան հանդիսացող շինություններ, ինչն իր հերթին առաջ է բերում պահպանությանն առնչվող մի շարք խնդիրներ:

Հաշվի առնելով իրավիճակը` առաջ են քաշվել սեփականության վկայականներում այդ մասին ամրագրում անելու անհրաժեշտությունն ու կարևորությունը:

Առաջարկվող նախագծերով նախատեսվում է ամրագրել, որ հուշարձան լինելու մասին տեղեկությունն այսուհետ ներառվելու է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականում։

Նախատեսվող մյուս կարևոր փոփոխությամբ առաջարկվում է սահմանել պատմամշակութային անշարժ ժառանգության պահպանությանը և օգտագործմանը վերաբերող հասկացությունները, հուշարձանների հաշվառման, նորահայտ հուշարձան պետական ցուցակում ընդգրկելու չափորոշիչները, հուշարձանների տարածքներում տեղադրվող տեղեկատվական ցուցանակների և հուշարձանների պահպանական պարտավորագրի ձևերը։

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կանոնակարգել ոլորտի իրավական դաշտը, միաժամանակ նպաստել պատմության և մշակույթի հուշարձանների բնագավառում իրականացվող մշակութային գործունեության նկատմամբ պատասխանատվության բարձրացմանը, խնդիրների լուծման արդյունավետությանը և մշակույթի հուշարձանների պահպանության ոլորտում միասնական պետական քաղաքականության մշակմանը:

Փաթեթը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը՝ նշելով, որ երկրում առկա են շուրջ 24.000 տարատեսակ հուշարձաններ: Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը նկատել է, որ հավանաբար այդ 24.000-ի ցանկում կարող են ներառված լինել հուշարձաններ, որոնք այժմ գոյություն չունեն, քանդված են: Ալֆրեդ Քոչարյանը հաստատել է հնչած տեսակետը: Անդրադառնալով առաջարկվող փոփոխություններին՝ նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ ոլորտը կանոնակարգող օրենքն անփոփոխ է մնացել դեռևս 1998 թվականից: Նախագիծը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: