ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 13-ի նիստում քննարկվել է «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Քննարկմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Առաջարկվող փոփոխությամբ դիտարկվում է ռազմական խաղերը նույնպես ներառել պարգևատրվող մարզաձևերի և միջոցառումների ցանկում: Ներկայացնելով փոփոխությունը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը նշել է, որ բանակային խաղերն իրենց մասշտաբով զիջում են միայն Օլիմպիական խաղերին և համարժեք են ուսանողական խաղերին: Բանակային խաղերին երբեմն մասնակցում է մոտ 200 երկիր. «Սա դարձել է շատ կարևոր միջոցառում, և ժամանակն է, որ մենք այդ խաղերին վերաբերվենք հավուր պատշաճի և մարզիկներին խրախուսենք դրանց համար»:

Նախագծով առաջարկվում է սահմանել նաև մարզիկներին ու մարզիչներին սպորտային նպաստի տրամադրման կարգավորման վերաբերյալ լիազորող նորմ, ինչպես նաև ամրագրել, որ տարեկան ծրագրերը հաստատվում են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման լիազորված մարմնի կողմից:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի առաջարկած փոփոխությամբ նախատեսվում է հստակեցնել «դոպինգ» հասկացությունը և հակադոպինգային գործունեությունը, սահմանել Հայաստանում ազգային հակադոպինգային կազմակերպության նշանակությունն ու դրա լիազորությունները:

«2022 թվականին մեր մարզիկներն աննախադեպ արդյունքներ են գրանցել, և այս փոփոխություններով մենք ամեն ինչ անում ենք, որ հանկարծ մեր որևէ մարզիկ չորակազրկվի, և Հայաստանը չզրկվի այդ լավագույն արդյունքներից»,- ասել է Սիսակ Գաբրիելյանը:

Ըստ նախագծի հիմնավորման՝ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախաձեռնությունը պայմանավորված է միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի կիրառման անհրաժեշտությամբ, ինչպես նաև ոլորտին ներկայացվող արդի պահանջներին համապատասխանելու հրամայականով: Նման փոփոխություններ նախաձեռնելու պահանջով Հայաստանի «Հակադոպինգային գործակալություն» ՊՈԱԿ-ին դիմել էր նաև Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը:

Օրենքի փոփոխության նախագիծն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: