ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է այս տարվա առաջին նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նիստին մասնակցել են մշակույթի ոլորտը համակարգող նախարարի տեղակալներ Արա Խզմալյանը և Ալֆրեդ Քոչարյանը, սպորտի ոլորտը համակարգող Կարեն Գիլոյանը:
Նիստի օրակարգում ներառված էր երկու հարց՝ «ՀՀ մշակույթի պահպանության և զարգացման 2023-2027 թթ․ ռազմավարության» և «ՀՀ-ում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2023-2030 թթ. զարգացման ռազմավարության» նախագծերի և գործողությունների պլանի ներկայացում:
Ողջունելով խորհրդի անդամներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ԿԳՄՍ ոլորտների պատշաճ աշխատանքից է կախված մարտահրավերների հաջող հաղթահարումը: «Ռազմավարությունները որոշելու են մեր քաղաքականությունը մշակույթի և սպորտի ոլորտներում առաջիկա տարիների համար, և կարևոր է, որպեսզի դրանք արտացոլեն այն բոլոր խնդիրները, մարտահրավերները և դրանց համարժեք լուծման ուղիները, որոնք կդառնան մեր ամենօրյա քաղաքականության մշակման հիմքը: Ռազմավարություններն են որոշելու մեր տարեկան գործողությունները, բյուջետային պլանավորումը, միջազգային և այլ ձևաչափերի համագործակցության ուղղությունները»,-նշել է Ժաննա Անդրեասյանը՝ կարևորելով հասարակական խորհրդում ներգրավված բոլոր կառույցների ու անհատների կարծիքը և ակնկալելով շահագրգիռ քննարկում:
Նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ներկայացրել է մշակույթի ռազմավարության հիմնական ուղերձները, որոնք հավասարապես վերաբերել են թե՛ ժամանակակից արվեստի, և թե՛ մշակութային ժառանգության ոլորտներին: Ըստ այդմ՝ ռազմավարությամբ հռչակվում է, որ մշակույթն ազգային ինքնության կայացման և համընդհանուր արժեքային հենքով միջազգային համակեցության պայման է, ազգային անվտանգության ապահովման գրավական, հայապահպանության երաշխավորը սփյուռքում, արժեքահեն քաղաքացու կրթության և դաստիարակության գրավականը, հանրային համերաշխության և բարեկեցիկ հասարակության ձևավորման երաշխիքը, միջազգային համագործակցության ընդլայնման գործոնը և այլն:
Մշակութային և ստեղծարար ոլորտներում կառավարման մոդելների արդիականացում. Արա Խզմալյանը նշել է, որ մշակութային կառույցներին տրվող պետական հատկացումների պարագայում երբեմն խնդիր է առաջանում՝ դրանց արդյունավետ կառավարման հետ կապված. «Մենք պետք է հստակ տարանջատենք կառավարումը բովանդակությունից: Պետական կառույցները գերծանրաբեռնված են վարչական հատվածով, և բավական ռեսուրսներ են ծախսվում դրա պահպանման համար: Վերջին տարիներին բազմաթիվ կառույցներ հիմնականում միավորվում են, և խնայված միջոցների շնորհիվ կարողանում ենք այլ հարցեր լուծել»:
Մշակութային և ստեղծարար ոլորտներում ինքնազբաղ ստեղծագործողների գործունեության խթանում. նախարարի տեղակալը փաստել է, որ երկար ժամանակ դրամաշնորհները հիմնականում ուղղվել են պետական կարգավիճակ ունեցող կառույցներին. «Այնպես չէ, որ ամենահետաքրքիր գաղափարները և արժեքավոր երևույթները միշտ ծնվում են պետական կառույցներում: Դրա համար դրամաշնորհների մեր համակարգը նախ թիրախավորում է հենց ինքնազբաղ արվեստագետներին: Պետական կառույցն այս իմաստով ևս ներդրվում է ինքնազբաղ արվեստագետների աջակցության գործում»:
Արա Խզմալյանը շեշտել է, որ գրահրատարակչության ոլորտում ևս դրամաշնորհային կրթական տարբեր ծրագրերում ընդգրկվում են անկախ արվեստագետներ՝ որպես օրինակ բերելով «Քո արվեստը դպրոցում» նախագիծը: Նրա խոսքով՝ այս հարցում առկա է ինստիտուցիոնալ կարգավորման խնդիր:
Մշակութային ներդրումների և բարեգործության խթանում, մշակույթի մեկենասության վարկանիշի ձևավորում. Արա Խզմալյանը կարևորել է, որ մեկենասը դառնա հանրային արժեք և հեղինակություն. «Մեկ անգամ հրատարակել ենք, այս տարի ևս կհրատարակենք «Մեկենաս» տարեգիրքը, որտեղ մշակույթին աջակցող բոլոր մարդիկ և կազմակերպությունները կերևան: Նրանց պետք է ներկայացնել պատշաճ ձևով, և սա ևս պետական քաղաքականության առաջնահերթություններից է»:
Նյութատեխնիկական բազայի, գույքի և ենթակառուցվածքների արդիականացում. Արա Խզմալյանը փաստել է, որ սահմանված արդյունքային ցուցանիշները չեն կարող իրագործվել, եթե չկա ենթակառուցվածքների կատարելագործում: Նրա խոսքով՝ որտեղ պետությունն անում է խոշոր կապիտալ ներդրում, այն ևս նպաստում է սեփական եկամուտների ավելացմանը. «1 մլրդ 250 մլն-ից ավելի գումար 2022 թ. հատկացվել է միայն ժամանակակից արվեստի ոլորտին: Սա աննախադեպ թիվ է. մշակույթի պատմության մեջ երբևէ նման ծավալի հատկացումներ չեն եղել»:
Մշակույթի ապակենտրոնացում. ըստ նախարարի տեղակալի՝ դրամաշնորհների բոլոր մրցույթներում նշված է՝ ֆինանսավորվում են այն նախագծերը, որոնք մասամբ կամ ամբողջապես իրականացվում են համայնքներում: Նա փաստել է, որ այլևս Երևանը չի լինելու հիմնական մշակութային քաղաքը. խրախուսվելու է միջհամայնքային համագործակցությունը:
Մշակութային և կրթական քաղաքականությունների ներդաշնակեցում. Արա Խզմալյանը ներկայացրել է տասնյակ կրթամշակութային նախագծեր՝ «Դասարան+դասական», «Քո արվեստը դպրոցում», «Զարդագիր», «Դասարվեստ» և այլն՝ փաստելով, որ դրանք նախ նպաստում են աշակերտի մասնագիտական կողմնորոշմանը և երկրորդ՝ ձևավորում են վաղվա հանդիսատեսին:
Գրադարան և գրահրատարակչություն. նախարարի տեղակալը նշել է, որ անցյալ տարի շուրջ 10 անուն գիրք է հրատարակվել կարևոր մշակութային ուղղություններով՝ ընդգծելով, որ առկա է օտար լեզուներով հանրամատչելի մշակութային աշխատությունների տասնամյակների բացթողում: «Գրադարանների հարցը կարևոր նշանակություն ունի. խնդիր ունենք գրադարանների ենթակառուցվածքները բարեկարգելու, կադրային հարցերը լուծելու, համայնքային գրադարանների ճակատագիրն ավելի որոշակի դարձնելու և այլն: Այս ամենը մեր ուշադրության կենտրոնում է»:
Հուշարձանների պահպանություն և մշակութային ժառանգություն. այս ոլորտը համակարգող փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը ներկայացրել է նախագծում տեղ գտած հիմնական ուղղությունները: Նրա խոսքով՝ մոտակա տարիների ընթացքում պետության ուշադրության կենտրոնում են լինելու պետականության խորհրդանիշ հանդիսացող հուշարձանները, մասնավորապես՝ բերդերն ու ամրոցները. «2022 թ. մենք արդեն իսկ իրականացրել ենք 11 նախագիծ, որն աննախադեպ էր, ավելի շատ, քան նախորդ տարիներին: 2023 թ. նախատեսում ենք 12 վերականգնում, որը բավականին մեծ թիվ է: Պետություն-մասնավոր հատված համագործակցությունը ևս ակտիվ փուլում է. ներկայում շուրջ 10 նախագիծ իրականանում է հենց այդ համագործակցության շնորհիվ»:
Թանգարաններ. ըստ նախարարի տեղակալի՝ ռազմավարական տեսանկյունից շատ կարևոր է թանգարանային ոլորտը, որտեղ իրականացվում են բավականին հիմնարար փոփոխություններ: Նրա խոսքով՝ պետք է առանձնացնել թանգարանների գիտական մասն ամենօրյա աշխատանքներից: «Ընդհանուր մի կառույց ենք նախատեսում բոլոր թանգարանների համար, որը կզբաղվի ամենօրյա աշխատանքներով՝ ֆինանսական, հաշվապահական, պահպանման խնդիրներ, վերանորոգում և այլն, որը կբեռնաթափի թանգարանների տնօրենների աշխատանքը: Դա նրանց թույլ կտա առավել կենտրոնանալու միջազգային համագործակցության կամ գիտական այլ աշխատանքների վրա: Մեզ համար շատ կարևոր է ունենալ էլեկտրոնային տոմսերի արդիական համակարգ, որի մրցույթի առաջին փուլն արդեն իսկ տեղի է ունեցել. շուտով կմեկնարկի երկրորդ փուլը: Այս համակարգը շատ կարևոր է, քանի որ նախ բարձրացնելու է թափանցիկությունը և երկրորդ՝ լինելու է հարմարավետ և արդիական»,-նշել է Ալֆրեդ Քոչարյանը՝ փաստելով, որ Կառավարությունն աննախադեպ ուշադրություն է դարձնում նաև թանգարանների ենթակառուցվածքների բարելավմանը:
Ոչ նյութական մշակութային ժառանգություն. նախարարի տեղակալի խոսքով՝ 2022 թ. դրամաշնորհների միջոցով իրականացվել է 15 ծրագիր. նախատեսվում է այդ թիվը հասցնել տարեկան առնվազն 20-ի: «Նախապատվություն է տրվում այն ծրագրերին, որոնք մեզ օգնում են վտանգման և անհետացման եզրին գտնվող մշակութային տարրեր պահպանել և հանրահռչակել: Ներկայում իրականացնում ենք նաև թվայնացման աշխատանքներ՝ ներառելով հուշարձանները, ոչ նյութական ժառանգության տարրերը, շտեմարանները, ֆոնդերի համալրումը՝ ապահովելով դրանց հասանելիությունը»,-ընդգծել է Ալֆրեդ Քոչարյանը:
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ռազմավարությունը ներկայացրել է այդ ոլորտը համակարգող նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը՝ նշելով, որ ռազմավարության տեսլականն է սպորտը դիտարկել որպես դաստիարակչական մեթոդ, ձևավորել համակարգ, որտեղ մարդը կլինի առողջ, կհասնի մեծ նվաճումների՝ ի շահ ազգի և պետության: Ըստ Կարեն Գիլոյանի՝ որպես գլխավոր նպատակներ սահմանվել են՝ ֆիզակական ակտիվությունը և առողջ ապրելակերպը դարձնել ազգային կենսակերպ, Հայաստանը դարձնել բարձր նվաճումների երկիր, բարձրացնել համակարգի կառավարումը և ինստիտուցիոնալ արդյունավետությունը: Նրա խոսքով՝ սահմանվել են բավական հավակնոտ թիրախներ, այն է՝ մինչև 2030 թվականն առողջ ապրելակերպ ունեցող երեխաների և մեծահասակների մասնաբաժինը 42%, 17%-ից հասցնել համապատասխանաբար 80% և 50%-ի, Հայաստանի ֆուտբոլի հավաքականը՝ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի մասնակից, ունենալ Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդ, օլիմպիական խաղերի 3, աշխարհի 8 և Եվրոպայի 15 չեմպիոններ:
«Այս ամենն իրատեսական է, եթե համեմատենք նախորդ տարվա արդյունքները: Տարեսկզբին սպորտի ծախսերի համար սահմանել ենք շուրջ 1 մլրդ 300 մլն դրամ, սակայն տարվա ընթացքում իրականացրել ենք լրացուցիչ օժանդակություն ֆեդերացիաներին՝ 225 մլն դրամի չափով, 338 մլն դրամ տրամադրել ենք «Փարիզ 24» ծրագրին, որով խրախուսում ենք մարզիկներին, նրանց անձնական մարզիչներին, հավաքականների գլխավոր և ավագ մարզիչներին, բժիշկներին, որպեսզի նրանք լավագույնս նախապատրաստվեն օլիմպիական խաղերին: Գրեթե 700 մլն դրամ ենք հատկացրել՝ պարգևատրելու ԱԱ մեդալակիրներին և նրանց մարզիչներին, 2 մլրդ 500 մլն դրամ՝ Ֆուտբոլի ֆեդերացիային Հայաստանում 4 ֆուտբոլի դպրոց կառուցելու նպատակով՝ Երևանում, Իջևանում, Մարտունիում և Արտաշատում: Եվ սա ընդամենը մեկ տարվա համար»,-նշել է Կարեն Գիլոյանը: Նրա խոսքով՝ ռազմավարության նախագծում կոնկրետ առաջարկներ կան՝ ինչպես զարգացնել մարզիչների բազան, որպեսզի նրանք ավելի պատրաստված լինեն և մարզեն հաղթող մարզիկներ:
Ըստ փոխնախարարի՝ մեծ ուշադրություն է դարձվելու նաև մասսայական սպորտին, որի շրջանակում իրականացված միջոցառումներին անցած տարի մասնակցել է շուրջ 61 հազար մարդ, այդ թվում՝ Վարչապետի գավաթի 5 մրցաշարերին: Կարեն Գիլոյանն անդրադարձել է նաև մարզերում համապատասխան ենթակառուցվածքների ստեղծմանն ու պահպանմանը՝ զարգացնելու մասսայական սպորտը: Անդրադառնալով մեծ նվաճումների սպորտին՝ փոխնախարարը նշել է բոլոր այն հատկացումները, որոնք տրամադրվել են ենթակառուցվածքների զարգացմանը, ինչպես նաև աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մեդալակիր մարզիկների պարգևատրմանը, որոնք նախորդ տարի կրկնապատկվել են: Նրա խոսքով՝ շուտով կավարտվի Գյումրիում Ա. Ալեքսանյանի անվան մարզահամալիրի կառուցումը, որը նույնպես կխթանի 13 մարզաձևերի զարգացումը: Ներկայում կառուցվում է Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի դպրոցը, բանակցություններ են ընթանում Վիկ Դարչինյանի և Արթուր Աբրահամի հետ՝ նրանց անվամբ մարզադպրոցներ կառուցելու հարցով:
Նախարարի տեղակալների զեկույցներից հետո հասարակական խորհրդի անդամները մի շարք հարցեր են ուղղել նրանց, որոնք, մասնավորապես, վերաբերել են պետական ֆինանսավորմանը, գրադարաններին, մեկենասությանը, սփյուռքի մշակութային ժառանգության պահպանմանը և տարածմանը, գրավոր ժառանգության պահպանմանը, «Քո արվեստը դպրոցում» ծրագրին, մշակութային հաստատությունների՝ հաշմանդամություն ունեցող անձանց հարմարեցմանը, տոմսերի քաղաքականությանը և դպրոցական աբոնեմենտային ծրագրին, պատմամշակութային կոթողների պահպանությանը, ազգային փոքրամասնությունների մշակույթի պահպանմանը, մշակույթի ապակենտրոնացմանը և այլն: Հարցեր են ուղղվել նաև դպրոցներում սպորտային խմբակների գործունեության և հաշմանդամային սպորտի զարգացման վերաբերյալ:
ԿԳՄՍ նախարարը և տեղակալները շնորհակալություն են հայտնել շահագրգիռ և արդյունավետ քննարկման համար՝ վստահեցնելով, որ նախագծի հանրային քննարկման փուլում հնչած բովանդակային և օգտակար առաջարկները, ըստ անհրաժեշտության, կներառվեն նախագծերում՝ դրանք առավել կենսունակ և որակյալ դարձնելու նպատակով:
Նիստի ավարտին ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհուրդը ձայների մեծամասնությամբ հավանության է արժանացրել «ՀՀ մշակույթի պահպանության և զարգացման 2023-2027 թթ․ ռազմավարության» և «ՀՀ-ում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2023-2030 թթ. զարգացման ռազմավարության» նախագծերը: