Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն այսօր կայացել է Հայաստանի տղամարդկանց ու կանանց առաջնությունների բացման արարողությունը, ինչպես նաև վիճակահանությունը, ըստ որի՝ հայտնի է դարձել առաջին տուրի խաղացանկը:
Բացման արարողությանը ներկա են եղել Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Հրաչիկ Թավադյանը, ինչպես նաև տղամարդկանց առաջնության գլխավոր մրցավար Աշոտ Վարդապետյանը և կանանց առաջնության գլխավոր մրցավար Նունե Վարդանյանը:
Տղամարդկանց 83-րդ առաջնությունը կանցկացվի հունվարի 13-24-ը: Առաջնությանը կմասնակցեն Մանուէլ Պետրոսյանը, Արամ Հակոբյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Զավեն Անդրիասյանը, Տիգրան Պետրոսյանը, Տիգրան Հարությունյանը, Մամիկոն Ղարիբյանը, Արմեն Բարսեղյանը և Սարգիս Սարգսյանը:
Կանանց 78-րդ առաջնությունը կանցկացվի հունվարի 13-22-ը: Կանանց մրցապայքարին կմասնակցեն Մարիա Գևորգյանը, Սուսաննա Գաբոյանը, Աստղիկ Հակոբյանը, Աննա Խաչատրյանը, Վերոնիկա Խաչատրյանը, Նարինե Գասպարյանը, Արփինե Գրիգորյանը, Ասյա Եդիգարյանը, Պոլինա Կոբակը և Նվարդ Հայրապետյանը:
Տղամարդկանց մրցաշարի առաջին տուրում կայանալու են հետևյալ պարտիաները՝ Ռ. Հովհաննիսյան - Ս. Սարգսյան, Տ. Պետրոսյան - Ս. Տեր-Սահակյան, Տ. Հարությունյան - Ա. Հակոբյան, Զ. Անդրիասյան - Մ. Ղարիբյան, Ա. Բարսեղյան - Մ. Պետրոսյան:
Կանանց մրցաշարում կայանալու են հետևյալ պարտիաները՝ Ա. Խաչատրյան - Վ. Խաչատրյան, Ս. Գաբոյան - Ա. Գրիգորյան, Ն. Գասպարյան - Պ. Կոբակ, Մ. Գևորգյան - Ա. Եդիգարյան, Ա. Հակոբյան - Ն. Հայրապետյան:
Խաղերը տեղի են ունենալու ամեն օր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը: Մեկնարկը՝ 15:00-ից:
Լուսանկարները՝ Մեդիամաքսի