ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ 2022 թվականի ապրիլ-նոյեմբերին անցկացվել է Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագիրը:

ՀՀ կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների ծրագրում ընդգրկված «Քույր դպրոցներ» նախագիծը նախարարության աջակցությամբ իրականացվում է 2019 թվականից:

Ծրագրի նպատակն է մշակութային կրթության, ավելի լայն առումով՝ արտադպրոցական դաստիարակության ոլորտի շարունակական զարգացումը:

Հանդիսանալով ոլորտի դերակատարների, պատասխանատուների և շահառուների միջև հորիզոնական շփումների ակտիվացմանն ուղղված կարևոր նախաձեռնություններից մեկը՝ ծրագիրը կնպաստի մշակութային կրթության ոլորտում իրականացվող գործողությունների արդյունավետության բարձրացմանն ու ընթացիկ հարցերի մասնակցային լուծման ապահովմանը:

Ծրագրի շրջանակում ընտրված Երևանի և ՀՀ մարզերի 60 երաժշտական և արվեստի դպրոցների միջև ստեղծվել են ստեղծագործական, փորձի փոխանակման, համատեղ համերգային ծրագրերի իրականացման, ուսումնամեթոդական աջակցության նոր կապեր: Այցելությունների փուլում կազմակերպվել են համերգներ, վարպետության դասեր, համատեղ համերգային ծրագրեր, հայրենաճանաչության բաղադրիչ ունեցող այցելություններ՝ պատմամշակութային վայրեր և թանգարաններ Երևանում, ՀՀ մարզերում:

Այցելությունների շրջափուլը մեկնարկել է 2022 թ. հունիսի 1-ին և շարունակվել է մինչև նոյեմբերի 16-ը: Մարզային այցելությունների շրջանակում երևանաբնակ աշակերտներն ու դասատուները, բացի համերգային ծրագրից, քույր-դպրոցի իրենց գործընկերներին ներկայացրել են նաև համատեղ ստեղծագործական աշխատանքի իրենց փորձը: Դասատուներն իրականացրել են վարպետության դասեր՝ յուրաքանչյուրն իր մասնագիտության գծով:

Ընդհանուր առմամբ՝ իրականացվել է 50 վարպետության դաս, որում ընդգրկվել է շուրջ 250 աշակերտ: Փոխայցելությունների շրջափուլին մասնակցել են 60 դպրոցի 500 սովորող և դասատու:

2022 թ. դեկտեմբերի 18-ին, 21-ին և 23-ին Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ իրականացվել է Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագրի եզրափակիչ գալա համերգաշարը, որի շրջանակում կայացել են 3 համերգ և «Հայրենիք՝ Հայաստան» խորագրով ցուցահանդես: Եզրափակիչ գալա համերգաշարին մասնակցել է Երևանի և մարզերի երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցների շուրջ 400 աշակերտ:

Ընդհանուր առմամբ՝ ծրագրում ընդգրկվել են Երևանի և մարզերի երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցների շուրջ 900 աշակերտ և դասատու: