Աշխարհահռչակ սոպրանո Հիբլա Գերզմավայի մասնակցությամբ կայացել է Ջակոմո Պուչինիի «Տոսկա» օպերայի համերգային կատարումը:

Համերգին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

«Արամ Խաչատրյան» համերգասրահում Պուչինիի այս գլուխգործոցը ներկայացրել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

«Տոսկայում» Հիբլա Գերզմավայի (Ֆլորիա Տոսկա) խաղընկերներն են միջազգային մեծ ճանաչում ունեցող տենոր Արսեն Սողոմոնյանը (Մարիո Կավարադոսի) և բարիտոն Վլադիսլավ Սուլիմսկին (Բարոն Սկարպիա): Մյուս դերերգերով հանդես են եկել Հովհաննես Ներսեսյանը (Չեզարե Անջելոտտի, բաս), Հայկ Տիգրանյանը (եկեղեցու լուսարարապետ, բաս), Տիգրան Մելքոնյանը (Սպոլետտա, տենոր), Արմեն Գրիգորյանը (Շարոնե, բաս), Ֆերդինանդ Մուրադյանը (Բանտապետ, բաս) և Եվա Ազրոյան (հովիվ, սոպրանո):

Օպերայի համերգային կատարմանը մասնակցել են Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյան), Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Կարինե Առաքելյան, խմբավար՝ Էմմա Առաքելյան):

Համերգի ավարտից հետո ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է մենակատարներին փայլուն ելույթի կապակցությամբ և հորդորել Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարին, տնօրինությանը և ծրագրի բոլոր մասնակիցներին պահպանել և զարգացնել ստեղծված համագործակցությունը: