ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBA վարկածով աշխարհի չեմպիոն, ֆրանսահայ Արսեն Գուլամիրյանին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է Ֆրանսիան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկի այցը հայրենիք, շնորհակալություն հայտնել նրան կատարած աշխատանքի և հայի անունը մշտապես բարձր պահելու համար. «Ուրախ եմ, որ Հայաստանում եք: Ուզում եմ իմանաք, որ Հայաստանն իսկապես հպարտ է Ձեզնով և գնահատում է Ձեր անցած ճանապարհը: Շնորհակալություն հայ ազգի պատիվը բարձր պահելու համար:

2022 թվականին սպորտն ամենամեծ հաջողություններ գրանցած ասպարեզներից է Հայաստանում: Այս տարի մենք ռեկորդային՝ 307 մեդալ ենք ունեցել: Ինձ համար կարևոր է այն, որ պետության գնահատանքին և ուշադրությանն արժանանան ոչ միայն Հայաստանը ներկայացնող հայ մարզիկները, այլև այլ երկրների դրոշների ներքո հանդես եկող, բայց հայի անունը մշտապես բարձր պահող հայազգի մարզիկները»:

Արսեն Գուլամիրյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր հաղթանակից հետո հայրենիք այցելելն իր համար մեծ հպարտություն է. «Այս գնահատանքն իսկապես շատ կարևոր է ինձ համար: Հայ ժողովրդի սերն ու ուշադրությունն ինձ մեծ ուժ են տալիս: Ես դա մշտապես զգում եմ: Հուսով եմ՝ այս տարի ևս երկու տիտղոս կպաշտպանեմ ու Ֆրանսիայի դրոշին զուգահեռ կբարձրացնեմ նաև Հայաստանի դրոշը՝ որպես հայ»:

Հայազգի բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 27 մենամարտ ու տարել նույնքան հաղթանակ, որոնցից 19-ը՝ նոկաուտով: Վերջին մենամարտն անցկացրել է 2022 թվականի նոյեմբերի 19-ին՝ պաշտպանելով WBA վարկածով առաջին ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Ֆրանսիայի Կան քաղաքում կայացած մենամարտում Գուլամիրյանը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է ռուս Ալեքսեյ Եգորովին՝ 116-112, 116-112, 117-111 հաշիվներով։

«Երկու տարուց ավելի որևէ մենամարտ չէի անցկացրել, ու թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեբանորեն դժվար էր: Շատ սպասված օր էր: Լավ էի պատրաստվել ու կարողացա հաջողության հասնել: Սրտանց ուզում էի մենամարտել: Իմ կարիերայի ընթացքում դա, իսկապես, շատ լուրջ մենամարտ էր՝ ուժեղ մրցակցի դեմ»,- ասում է Արսեն Գուլամիրյանը:

Հայազգի բռնցքամարտիկն իր հաջորդ մենամարտը կանցկացնի մարտի 25-ին և կփորձի պաշտպանել WBA վարկածով աշխարհի սուպերչեմպիոնի տիտղոսը: