ՀՀ նախագահի նստավայրում դեկտեմբերի 30-ին նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ տեղի է ունեցել 2022 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, մարզաշխարհի ներկայացուցիչներ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել շնորհավորական ելույթով՝ նշելով, որ Կառավարությունն իր հնարավորությունների սահմանում շարունակելու է խթանել հայկական սպորտի զարգացումը․ «Պիտի շնորհակալություն հայտնեմ բոլորիդ այդ առաքելությունն իրականացնելու համար, որովհետև սպորտը մեզ համար, ինչպես ասել եմ, պետական առաքելություն է: Սպորտը մեր պետության, մեր հանրության գործունեության, արտաքին, ներքին քաղաքականության, ծրագրերի և ռազմավարության շարունակությունն է: Մենք ռազմավարական նշանակություն ենք տալիս սպորտին, որովհետև սպորտը պետականության և դրոշի մասին է: Այնտեղ, որտեղ մենք չենք կարողացել բավարար բարձրության պահել մեր դրոշը, այնտեղ, որտեղ մեր ձեռքից ընկել է մեր դրոշը, դուք այդ դրոշը բարձրացրել եք: Սա ամենակարևոր առաքելությունն է»։

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, շնորհավորելով 10 լավագույն մարզիկներին, հանձնել է մրցանակները։ Նախագահը մասնավորապես ասել է. «Մեծ հպարտություն եմ զգում, որ մենք կարողացել ենք ձեր շնորհիվ այս ծանր տարվա ընթացքում իսկապես գլուխներս բարձր և մեջքներս ուղիղ կանգնել՝ հպարտանալով ձեր հաջողություններով։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ, որ աշխարհի տարբեր անկյուններում մեր պետության՝ Հայաստանի Հանրապետության պատիվը բարձր եք պահել»։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ամփոփելով մարզական տարին, ներկայացրել է տարվա ընթացքում հայ մարզիկների նշանակալի նվաճումները, ինչպես նաև անդրադարձել հաջորդ տարվա ընթացքում սպորտի զարգացմանը միտված պետական միջոցառումներին, մարզադպրոցների կառուցման և վերակառուցման ծրագրերին:

«19 մարզաձևերի աշխարհի և Եվրոպայի առաջնություններում մեր մարզիկները նվաճեցին 307 մեդալ, վերջինը դեկտեմբերի 30-ին նվաճեց Հայկ Մարտիրոսյանը՝ կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում արժանանալով բրոնզե մեդալի: Այսպիսով, ստացանք 104 ոսկե, 70 արծաթե և 133 բրոնզե մեդալ: Համեմատության համար նշենք, որ անցած տարի նվաճած մեդալների քանակը 199 է, իսկ մեր լավագույն արդյունքը եղել է 2019 թվականին՝ 222 մեդալ»,- ասել է Կարեն Գիլոյանը:

«Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթը կայացել է դեկտեմբերի 21-ին՝ ԿԳՄՍ նախարարությունում հավատարմագրված 15 մարզական լրագրողների և ՀՀ 33 մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչների/հավաքական թիմերի գլխավոր մարզիչների քվեարկության համադրությամբ:

2022 թվականին Հայաստանի 10 լավագույն մարզիկներ են ճանաչվել Արթուր Ալեքսանյանը (ըմբշամարտ, աշխարհի առաջնության չեմպիոն), Մալխաս Ամոյանը (ըմբշամարտ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության 3-րդ տեղ), Հովհաննես Բաչկովը (բռնցքամարտ, Եվրոպայի չեմպիոն), Սամվել Գասպարյանը (ծանրամարտ, աշխարհի առաջնության 3-րդ տեղ, Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն), Արթուր Դավթյանը (սպորտային մարմնամարզություն, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի փոխչեմպիոն), Վարազդատ Լալայանը (ծանրամարտ, աշխարհի առաջնության 3-րդ տեղ, Եվրոպայի փոխչեմպիոն), Արսեն Հարությունյանը (ըմբշամարտ, աշխարհի առաջնության 3-րդ տեղ, Եվրոպայի առաջնության չեմպիոն), Անի Հովսեփյանը (բռնցքամարտ, Եվրոպայի չեմպիոն), Հարություն Մերդինյանը (սպորտային մարմնամարզություն, աշխարհի առաջնության 3-րդ տեղ, Եվրոպայի առաջնության չեմպիոն) և Լիլիթ Մկրտչյանը (հրաձգություն, Եվրոպայի առաջնության չեմպիոն, աշխարհի առաջնության 3-րդ տեղ):

Հանրապետության նախագահը Հայրենիքին մատուցած ծառայությունների համար Արթուր Դավթյանին պարգևատրել է Առաջին աստիճանի մեդալով:

«Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի արդյունքներով լավագույն տասնյակում ընդգրկված յուրաքանչյուր մարզիկ կստանա 5 մլն դրամ: