Հայաստանի շախմատի կանանց հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը 12-րդ տեղն է զբաղեցրել Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացված արագ շախմատի աշխարհի առաջնությունում: 11 տուրերից հետո Դանիելյանը 7 միավոր է վաստակել և արժանացել 2 հազար դոլար պարգևավճարի:

Կանանց մրցաշարում աշխարհի չեմպիոնի կոչմանն արժանացել է Չինաստանի ներկայացուցիչ Չժոնգի Տանը (8,5 միավոր), որին Էլինան զիջել է 1,5 միավորով:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Լիլիթ Մկրտչյանը 37-րդ տեղն է զբաղեցրել՝ վաստակած 6 միավորով, Մարիամ Մկրտչյանը 5,5 միավորով 48-րդն է, իսկ Սուսաննա Գաբոյանը՝ 59-րդը:

Տղամարդկանց մրցաշարում հայ շախմատիստներից լավագույն արդյունքը ցույց են տվել Մանուել Պետրոսյանն ու Զավեն Անդրիասյանը: Անցկացված 13 պարտիաներում նրանք 8-ական միավոր են վաստակել: Լրացուցիչ գործակիցներով Մանուելը զբաղեցրել է 25-րդ, իսկ Զավեն Անդրիասյանը՝ 40-րդ հորիզոնականը: Պետրոսյանն արժանացել է 3 հազար դոլար պարգևավճարի:

Աշխարհի չեմպիոնի կոչումը 13 հնարավորից վաստակած 10 միավորով նվաճել է նորվեգացի Մագնուս Կարլսենը` կարիերայում չորրորդ անգամ արժանանալով այս կոչմանը:

Հայկ Մարտիրոսյանը 41-րդ տեղն է զբաղեցրել՝ 7,5 միավորով։ Գաբրիել Սարգսյանը նույնքան միավորով գրավել է 45-րդ տեղը։ Սամվել Տեր-Սահակյանը (62-րդ տեղ), Շանթ Սարգսյանը (66-րդ տեղ) և Մամիկոն Ղարիբյանը (71-րդ տեղ) վաստակել են 7-ական միավոր: Տիգրան Լ. Պետրոսյանը 89-րդն է՝ 6,5 միավորով։

Դեկտեմբերի 29-30-ը կանցկացվի կայծակնային շախմատի (բլից) աշխարհի առաջնությունը:

Աշխարհի առաջնությունում Հայաստանը 14 շախմատիստ է ներկայացնում: