ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Հայաստանի ազգային պատկերասրահում հանդիպել է նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների տնօրենների հետ: Նախարարին ուղեկցել է ոլորտը համակարգող փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը:
Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին, կարևորել նրանց գործունեությունը և առաջիկա ծրագրերը: Ըստ նախարարի՝ թանգարանային ոլորտում նախատեսվում են ակտիվ բարեփոխումներ, որոնք մասնավորապես վերաբերում են օրենսդրական կարգավորումներին, կառավարման և ֆինանսավորման համակարգերում նոր գործիքների ներդրմանը, էլեկտրոնային տոմսային միասնական քաղաքականության մշակմանը: Այդ գործընթացներում նախարարն ընդգծել է յուրաքանչյուրի ներգրավվածությունն ու նախաձեռնողականությունը:
«Չնայած բոլոր դժվարություններին՝ այն ամենը, ինչ կարևոր է մեր երկրի զարգացման համար, միասին պետք է դարձնենք իրականություն: Վստահ եմ՝ աշխատելու ենք որպես միասնական թիմ. նախարարությունը միշտ պատրաստ է աջակցելու ձեզ խնդիրների լուծման ճանապարհին»,- ասել է Ժաննա Անդրեասյանը և փաստել, որ Կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում մշակութային միջավայրի բարելավման աշխատանքներին, ինչը բոլոր թանգարաններում պետք է ապահովվի:
Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը ներկայացրել է Կառավարության աջակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահում և Պատմության թանգարանում իրականացվող աշխատանքները, որոնց ավարտը նախանշվում է գալիք տարում:
Թանգարանների տնօրենները նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ շնորհավորել են Ժաննա Անդրեասյանին` վստահություն հայտնելով, որ աշխատանքները կիրականացվեն արդյունավետ ու փոխգործակցությամբ: