ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում գիտական հանրությունը Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանի հետ քննարկել է գիտական աստիճանաշնորհման նոր կանոնակարգի նախագիծը:

Ներկայացնելով նախագիծը՝ Կարեն Քեռյանը նշել է, որ գործող կարգում կան բազմաթիվ դրույթներ, որոնք միմյանց հետ համաձայնեցված չեն. նոր կանոնակարգով վերացվում են այդ անհամաչափությունները:

Փաստաթղթով նախատեսվում է կատարել փոփոխություններ գիտական աստիճանաշնորհման կարգում չորս ուղղություններով․

  • Թեկնածուական պաշտպանելուց մինչև մասնագիտական խորհրդի անդամ լինելու համար 2027 թվականից սկսած՝ անհրաժեշտ կլինի ունենալ միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ընդգրկված պարբերականներում տպագրություններ: Նման տպագրությունները կդիտվեն համարժեք տեղական պարբերականներում տպագրված 2-3 հոդվածի:
  • Արտերկրի մասնագետը հնարավորություն կունենա համաղեկավարելու ասպիրանտներին ու հայցորդներին, բացի դրանից՝ ընդգրկվելու մասնագիտական խորհուրդներում, ինչպես նաև առցանց մասնակցելու պաշտպանության գործընթացին՝ որպես ընդդիմախոս:
  • Կպահանջվի ներկայացնել կուտակած անհրաժեշտ կրեդիտների մասին տեղեկանք, նշել մասնագիտական խորհրդի նիստի քվորումն ապահովելու համար նվազագույն անհրաժեշտ մասնակիցների մասնաբաժինը։ Փորձարարական մասնագիտությունների դեպքում առանց համահեղինակների հոդված ունենալու պահանջը փոխարինվել է առաջին հեղինակով հոդված ունենալուն:
  • Առաջատար կազմակերպության փոխարինում ընդդիմախոսով: Աստիճանաշնորհման գործընթացի տարբեր օղակներում մասնագետներին ներգրավելիս այլևս շեշտը չի դրվելու գիտությունների դոկտորի աստիճան ունենալու վրա, այլ կարևորվելու է բարձր գիտաչափական տվյալներ ունենալը և ակտիվ գիտնական լինելը:

Քննարկման ընթացքում բարձրացվել է մասնագիտական խորհուրդների անդամների և գիտական ղեկավարների երիտասարդացման հարցը։ «Մենք նոր մեխանզիմներ պետք է ներդնենք և հնարավորինս փորձենք երիտասարդացնել գիտական ղեկավարների տարիքը»,- շեշտել է Կարեն Քեռյանը։

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ընդգրկված պարբերականներում տպագրություններ ունենալու պահանջին։

ՀՀ ԳԱԱ անդամները նախագծի վերաբերյալ ներկայացրել են մի շարք առաջարկություններ և դիտարկումներ: