ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի տարեվերջյան նիստի օրակարգում ընդգրկված էր 2 հարց՝ «ՀՀ մշակույթի պահպանության և զարգացման 2023-2027 թթ ռազմավարության» և «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2023-2030 թթ. ռազմավարության և գործողությունների պլանի» նախագծերի քննարկում:

ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը, ներկայացնելով մշակույթի զարգացման ռազմավարությունը, նշել է, որ այն այժմ լրամշակման փուլում է գտնվում և ներկայացված է այլ գերատեսչությունների կարծիքների:

«Ռազմավարության մեջ ամրագրված հիմնական խնդիրներն են պատմամշակութային ժառանգության պահպանումն ու հանրահռչակումը, ժամանակակից արվեստի կամ ստեղծարար ոլորտի զարգացումը: Մենք փորձելու ենք օգտագործել հասարակության բոլոր շերտերի, հատկապես երիտասարդության ներուժը՝ ներդնելով այնպիսի համակարգ, որը կնպաստի հանրության ստեղծարար ողջ ներուժի բացահայտմանը նպաստող միջավայրի ձևավորմանը: Այս առումով մեզ համար չափազանց կարևոր է նաև ձեր կարծիքը»,- նշել է նա:

Աշակերտական խորհրդի անդամներից մեկի հարցին ի պատասխան՝ Սվետլանա Սահակյանը նշել է, որ մշակութային ժառանգության պահպանության և ստեղծարար ճյուղերի զարգացման առումով կառավարման նոր մոդելների ներդրման անհրաժեշտություն կա. «Մեր օրերում ժողովրդական արվեստը, որը մշակութային ժառանգության կարևոր ճյուղերից է, հնարավոր չէ ներկայացնել այնպես, ինչպես դա արվում էր նախորդ դարի 70-80-ական թվականներին, որովհետև աշխարհում վաղուց փոխվել են մոդելներն ու մոտեցումները, և մեր խնդիրն է գտնել արդյունավետ համադրումները՝ ընդգծելու մեր մշակույթի ազգային առանձնահատկությունները»:

ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության պետի տեղակալ Դավիթ Բաղումյանը ներկայացրել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների ռազմավարության նախագիծը: Նրա խոսքով՝ դրա հիմնական թիրախներից մեկը մեծ նվաճումների սպորտի զարգացումն է՝ շեշտը դնելով արդյունքային և քանակական ցուցանիշների բարելավման վրա, իսկ մյուսը՝ առողջ ապրելակերպի մշակույթի ձևավորումն ու արմատավորումը: Ամրագրված նպատակներին հասնելու համար, ըստ տարիների գործողությունների և միջոցառումների, հստակ ծրագիր է սահմանված:

Աշակերտական խորհրդի անդամներից մեկը, որը նաև պրոֆեսիոնալ «ԱրմՖայթինգ» ֆեդերացիայի մարզային համակարգողներից է, հարց է բարձրացրել օլիմպիական խաղերի ծրագրում չընդգրկված, ոչ հենակետային մարզաձևերի զարգացմանը պետական աջակցություն տրամադրելու վերաբերյալ, քանի որ նման սպորտաձևերը ներկայում բավական մեծ տարածում ունեն:

«Պետական քաղաքականությամբ հստակ ամրագրված է հենակետային և օլիմպիական մարզաձևերի զարգացման պահանջը: Մենք տեղյակ ենք, որ իրականացվում են մարզումներ՝ մարտեր առանց կանոնների մրցաձևերով, բայց ռազմավարության մեջ ամրագրված հիմնական խնդիրները նախանշված են պետական քաղաքականությամբ, քանի որ մեր գլխավոր թիրախը օլիմպիական արդյունքների բարելավումն է»,- նշել է նա:

Աշակերտական խորհրդի անդամի այն հարցին, թե ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2023-2030 թթ. ռազմավարությամբ ամրագրված անելիքներից ամենակարևորը որն է, Դավիթ Բաղումյանը պատասխանել է. «Կարևոր են բոլոր նպատակները, բայց առաջնայինը հանրային առողջության բարելավումն է: Մեր օրերում մարդկանց շարժունակությունը քիչ է. ավելի գերակշիռ է դառնում պասիվ կյանքը, որն իր հետ բերում է լուրջ խնդիրներ: Մեր առաջնային նպատակը հասարակության ֆիզիկական ակտիվության բարձրացումն է՝ առողջ ապրելակերպի խթանումը և սպորտով զբաղվելն ու մարզվելը որպես կենսակերպ դարձնելը»:

ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության հանրակրթության և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Սուսաննա Ազատյանը պատասխանել է աշակերտական խորհրդի անդամների՝ ուսումնական գործընթացի կազմակերպմանն առնչվող հարցերին: Նա նշել է, որ աշակերտական խորհուրդը հաղորդակցության և հետադարձ կապի արդյունավետ հարթակ է և նպաստում է պետական քաղաքականության մշակմանը: Սուսաննա Ազատյանի խոսքով՝ պետական ավարտական և միասնական քննությունները երկու անգամ հանձնելու հնարավորության իրավական նոր կարգավորումը մշակելիս, որն այս տարի առաջին անգամ է կիրառվում, հաշվի է առնվել նաև աշակերտական խորհրդի կարծիքը:

Նիստի ընթացքում անդրադարձ է եղել նաև ընթացիկ մի շարք հարցերի: Խորհրդի նիստին մասնակցել է 24 աշակերտ: