Վրաստանի պետական երիտասարդական քաղաքականությանը ծանոթանալու նպատակով ՀՀ ԿԳՄՍՆ երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանն աշխատանքային մի շարք հանդիպումներ է ունեցել Թբիլիսիում:

Պատվիրակության կազմում էին «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն», «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ների, «Եղվարդ» երիտասարդական-բնապահպանական կազմակերպության և «ԼՕՖԹ» ինքնազարգացման ու ժամանցի բազմաֆունկցիոնալ կենտրոնի ներկայացուցիչները։

Հայաստանի պատվիրակությունը հանդիպել է Վրաստանում ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ներկայացուցիչ Նատալյա Զակարեիշվիլիին, որը ներկայացրել է Վրաստանում երիտասարդների բարեկեցության ինդեքսի մշակման գործընթացը, բազմաոլորտային համագործակցության շրջանակը, ինդեքսի ձևավորման ստանդարտները։

Այց է իրականացվել նաև «Էսկի» սոցիալական ձեռնարկատիրություն, Երիտասարդական և Զբաղվածության աջակցության պետական գործակալություններ: Տեղի է ունեցել հանդիպում Երիտասարդական ազգային խորհրդի նախագահ Նինո Թսուլայայի հետ: Հայ գործընկերների համար լուսաբանվել են ծառայությունների ոլորտները, որոնցում ներգրավված երիտասարդները ստանում են համապատասխան հմտություններ ու գիտելիք աշխատաշուկայում իրենց զբաղվածության ու մրցունակության, կենսապայմանների ու շարունակական զարգացման ապահովման նպատակով: Պատվիրակությունն իրազեկվել է երիտասարդական ռազմավարության մշակման, երիտասարդների զարգացման ծրագրերի իրականացման, արդյունքների ու հետագա պլանավորումների մասին։

Վրաց գործընկերները ներկայացրել են նաև «Երիտասարդության մասին» օրենքի նախագիծը, նախատեսվող կարգավորումները, սկզբունքները, ինչպես նաև գործունեության առաջնահերթություններն ու պատասխանատուների գործառույթները. նախանշվել է երիտասարդական կենտրոնների ստեղծման և երիտասարդական աշխատողների մասնագիտական զարգացման առաջնահերթությունը։

Հայ-վրացական հաջորդ հանդիպումը նախատեսվում է 2023 թ. անցկացնել Հայաստանում։