Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհուրդը (ՄԿՈՒԶԱԽ) գումարել է իր հերթական՝ 30-րդ նիստը, որը վարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

Խորհրդի կազմում ընդգրկված են ԿԳՄՍ, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Էկոնոմիկայի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Ֆինանսների նախարարությունների, ինչպես նաև սոցիալական գործընկերության կառույցների` գործատուներին ներկայացնող կազմակերպությունների և արհեստակցական միությունների ներկայացուցիչներ:

Մինչ նիստի մեկնարկը՝ ՄԿՈՒԶԱԽ-ի անդամները շնորհավորել են Ժաննա Անդրեասյանին՝ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություն։

Օրակարգի առաջին հարցը վերաբերում էր նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության համակարգի մանկավարժական անձնակազմի համար վերապատրաստման, ատեստավորման և տարակարգի շնորհման մեխանիզմների մշակման ու իրականացման ուղղությամբ օրենսդրական հիմքերի ներկայացմանը։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ներկայացնելով առաջարկվող հիմնական փոփոխությունները, նշել է, որ Կառավարության ծրագրում հստակ ամրագրված է՝ կրթության ոլորտում պետք է իրականացվի աշխատավարձերի բարձրացման քաղաքականություն. ընդ որում՝ ոչ թե մեխանիկորեն, այլ փոխկապակցված մանկավարժների մասնագիտական զարգացմանը:

«Քանի որ խոսքը վերաբերում է կրթության ոլորտի աշխատակիցներին, ապա առնվազն պետք է ապահովել որոշակի համաչափություն: Հետևաբար, նպատակ ունենք ՄԿՈՒ ոլորտում որդեգրել վարձատրության այն նույն սկզբունքները, որոնք իրականացնում ենք հանրակրթության բնագավառում՝ ատեստավորման և տարակարգերի միջոցով՝ իհարկե հաշվի առնելով ոլորտի առանձնահատկությունները: Մեր նպատակն է ՄԿՈՒ ոլորտում խթանել մանկավարժների մասնագիտական զարգացումը և բարձրացնել վարձատրությունը, սակայն խնդիր է՝ ինչպես դա անել, ինչ մեթոդաբանությամբ և որ ոլորտներից սկսել: Ահա այս հարցերն են, որոնք ցանկանում ենք քննարկել ՄԿՈՒԶԱԽ-ի անդամների հետ, քանի որ ձեր հնչեցրած առաջարկները մեզ համար շատ կարևոր են»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը։

Ըստ նախարարի՝ առաջին հարցը վերաբերում է այն խնդրին, թե որ ոլորտներից է ճիշտ սկսել մանկավարժների ատեստավորումը, քանի որ այն չի կարող իրականացվել միանգամից բոլոր ոլորտներում. «Կարծում ենք՝ պետք է սկսել տնտեսության համար գերակա ոլորտներից, որտեղ աշխատավարձի աճը կնպաստի որակյալ մասնագետների ներգրավմանը: Երկրորդ խնդիրը՝ ինչպես անցկացնել ատեստավորումը, որպեսզի հնարավորինս ճիշտ ստուգվեն մանկավարժի գիտելիքները, գործնական հմտությունները և ունակությունները. այս հարցում կարևոր է գործատուների և գործընկերների առաջարկները։ Եվ երրորդ՝ ինչպես սահմանել տարակարգի բնութագրիչները՝ մանկավարժական աշխատողի գործունեության ամենակարևոր կատարողական ցուցանիշները, որոնք ևս լրացուցիչ հավելավճարի հնարավորություն կտան»:

Օրակարգի առաջին հարցի մանրամասները ներկայացրել է ՄԿՈՒ քաղաքականության մշակման և ռազմավարության բաժնի պետ Արմենուհի Պողոսյանը։ Նրա խոսքով՝ ՄԿՈՒ ոլորտում դասախոսների աշխատավարձերն ամենացածրն են, որը չի կարող ազդեցություն չունենալ կրթության որակի վրա, հետևաբար առաջարկվող համակարգի շնորհիվ պետք է խրախուսվի մանկավարժների մասնագիտական կարողությունների զարգացումը, որը, որպես հետևանք, ազդեցություն կունենա աշխատավարձի վրա: Ըստ Արմենուհի Պողոսյանի՝ որոշ հաշվարկներ արդեն իսկ արված են, և մոտավոր սահմանաչափ է դիտարկվել 200 հազար դրամը։ Նա կարևորել է նաև ատեստավորման և վերապատրաստման մեխանիզմների կիրառման հարցերը՝ գիտելիքների ստուգման, հստակ չափանիշների սահմանման, գնահատող հանձնաժողովների գործունեության և այլ հարցերի համատեքստում:

ՄԿՈՒ քաղաքականության մշակման և ռազմավարության բաժնի պետ Արմենուհի Պողոսյանը ներկայացրել է նաև օրակարգի երկրորդ հարցը, որը վերաբերում էր ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի իրականացման գործողությունների ծրագրում ՆՄՄԿՈՒ մասով միջոցառումներին։

Արմենուհի Պողոսյանը փաստել է, որ գործողությունների ծրագիրը ներկայում լրամշակման փուլում է, և ակնկալվում են հստակ առաջարկներ ՄԿՈՒԶԱԽ-ի անդամների կողմից: Նրա խոսքով՝ ծրագրի հիմնական սկզբունքներն են ֆինանսական և կառավարման արդյունավետության, ինչպես նաև մարդկային կարողությունների զարգացման հարցերը: Արմենուհի Պողոսյանը տեղեկացրել է, որ ծրագրով սահմանվել է բավականին հավակնոտ նպատակ՝ մինչև 2030 թվականն ունենալ 90 տոկոս զբաղվածության ցուցանիշ:

Նախարար Ժաննա Անդրեասյանը, անդրադառնալով օրակարգի երկրորդ հարցին, խորհրդի անդամներին տեղեկացրել է, որ առաջնային խնդիր է ՄԿՈՒ ոլորտի քարտեզագրումը՝ մասնագիտություններ, կրթական ծրագրերի հասանելիության ապահովում և այլն: Ըստ նախարարի՝ խոսքը վերաբերում է խոշորացված համակարգի մասին, որտեղ հաստատությունների թիվն ավելի փոքր կլինի, հետևաբար հնարավոր կլինի ներգրավել առավել որակյալ կադրային ռեսուրս: Միջոցառումների ծրագրում նա առանձնացրել է ռեսուրս կենտրոնների գաղափարը, այն է՝ ցանկացած ոլորտում ունենալ հաստատություն, որը կհանդիսանա այդ ոլորտի ռեսուրս կենտրոն, և հնարավոր կլինի արդյունավետ օգտագործել դրա մասնագիտական ներուժը և նյութատեխնիկական բազան. «Այսինքն՝ հնարավոր կլինի ավելի քիչ ռեսուրսով իրականացնել առավել արդյունավետ աշխատանք: Իսկ թե որ տարածաշրջանում, ինչ մասնագիտությամբ և քանի հաստատություն է պետք, այս ամենը պարզ կլինի համատեղ քննարկումների և առաջիկա վերլուծությունների արդյունքում»:

Նիստի ընթացքում քննարկվել են նաև մի շարք այլ հարցեր, որոնք վերաբերել են ՄՈՒՀ-ի դասավանդողին ներկայացվող պահանջներին, սոցփաթեթից օգտվելու հնարավորությանը, զբաղվածության ցուցանիշներին և այլն:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ օրակարգի հարցերի շուրջ խորհրդի անդամները գրավոր կներկայացնեն իրենց առաջարկները, որոնք, ըստ անհրաժեշտության, տեղ կգտնեն քննարկվող նախագծերում: