ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը 44-օրյա պատերազմի հերոս, Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ, ԵՊՀ լավագույն ուսանող, ԵՊՀ բրոնզե մեդալակիր, ավագ լեյտենանտ Գևորգ Արշակյանի անունը կրող Երևանի թիվ 22 հիմնական դպրոցում մասնակցել է բարեգործական միջոցառմանը:

Ամանորյա ցուցահանդես տոնավաճառը կազմակերպվել էր հերոսի մայրիկի՝ ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանի նախաձեռնությամբ: Ցուցահանդեսին ներկայացված էին դպրոցի աշակերտների ձեռագործ աշխատանքները՝ փայտե իրեր, նկարներ, մոմեր, ասեղնագործ և ուլունքաշար զարդեր:

Միջոցառմանը հրավիրված էին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, մի շարք բարձրաստիճան հյուրեր, բուհերի ռեկտորներ, հերոս Գևորգ Արշակյանի հարազատները, ընկերները, դպրոցի աշակերտներ:

Հյուրերը շրջել են աշակերտների կազմակերպած ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ձեռագործ աշխատանքներին, շնորհակալական խոսքեր հղել նրանց, կատարել գնումներ:

Դպրոցի աշակերտների կողմից պատրաստված Ամանորի թեմատիկ նվերներից գոյացած հասույթը փոխանցվելու է դպրոցի ֆոնդին և սահմանամերձ գոտում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքներին:

Գևորգ Արշակյանը 2014-2018 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում, 2014-2019 թթ.՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում, երկու ֆակուլտետն էլ ավարտել է գերազանցությամբ։ 2018 թ.-ին ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը և ծառայության անցել ՀՀ զինված ուժերում:

Ծառայությանը զուգահեռ՝ սովորել է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի «Մարդկային ռեսուրսների կառավարում» մագիստրոսական ծրագրում: 2020 թ. ավարտել է ծառայությունը՝ ավագ լեյտենանտի կոչումով։ Զորացրվելուց հետո ընդունվել է ԵՊՀ իրավագիտության, ինչպես նաև փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետների մագիստրատուրա։ 2020 թ. «Հայ ասպետ» կրթահամալիրում աշխատել է որպես ռազմագիտության ուսուցիչ։

Ավագ լեյտենանտ Գևորգ Արշակյանը սպայական ծառայությունից զորացրվել է 2020 թ. օգոստոսին, սակայն 44-օրյա պատերազմի ժամանակ կամավորագրվել է հայրենիքի պաշտպանությանը։ Նոյեմբերի 6-ի առավոտյան Շուշիում հակառակորդի մեծածավալ հարձակումը հետ մղելու համար մեկնել է Շուշի և մասնակցել պաշտպանական մարտերին։

Արշակյանը մարտի թեժ պահին ոտքի հատվածում հրազենային վիրավորում է ստացել, սակայն շարունակել է ղեկավարել իր ստորաբաժանման մարտը` հետ շպրտելով հակառակորդի դիվերսիոն խումբը։

Շուշիի մատույցներում դարանակալած թշնամու խմբերին հետ շպրտելու ընթացքում ծանր վիրավորվել է և կռվել մինչև գիտակցության կորուստը։ Մահացել է նոյեմբերի 7-ին։

Երևանի թիվ 22 հիմնական դպրոցը Երևանի ավագանու միաձայն որոշմամբ հերոսի անվամբ է կոչվել 2022 թ. հունիսի 21-ին: