ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Գեղարքունիքի մարզպետարանի ենթակայությամբ գործող մի շարք հանրակրթական դպրոցների հատկացվել են կապիտալ դրամաշնորհներ՝ ընթացիկ խնդիրների լուծման նպատակով:

Որոշումը կայացվել է Կառավարության դեկտեմբերի 22-ի նիստում` դպրոցների՝ նախորդ տարիներից գոյացած խնայողությունների հաշվին կատարված վերաբաշխմամբ:

Հատկացված 28 մլն 404 հազար դրամով իրականացվելու են հետևյալ աշխատանքները՝

Երևանի Մ. Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոցի համար նախատեսվում է ձեռք բերել աշակերտական սեղանների և աթոռների 26 հավաքածու:
Երևանի Գ. Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոցի միջանցքներում անվտանգության նկատառումներով տեղադրված է տեսաձայնագրող անվտանգության համակարգ, որն անսարք է: Նախատեսվում է տեսաձայնագրող սարքերի ձեռքբերում:
Երևանի Գրիգոր Զոհրապի անվան թիվ 97 ավագ դպրոցի համար էլեկտրոնային գրատախտակի գնում կկատարվի` ուսումնական գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով:
Երևանի թիվ 46 ավագ դպրոցի համար նախատեսվում է ձեռք բերել ուսումնական գույք` սեղաններ, աթոռներ, գրատախտակ և պահարան:
Աբովյանի թիվ 4 ավագ դպրոցի համար նախատեսվում է ձեռք բերել պրոյեկտորի էկրան և ուսումնական գույք՝ սեղաններ և աթոռներ:
Մարտունու Մ Մելիք Շահումյանցի անվան թիվ 1 հիմնական դպրոցում կիրականացվի ճաշարանի ջեռուցման համակարգի տեղադրում:
Աստղաձոր գյուղի միջնակարգ դպրոցում կիրականացվեն մարզադահլիճի վերանորոգման աշխատանքներ:
Գավառի Գեորգի Մնացականյանի անվան թիվ 7 միջնակարգ դպրոցում կիրականացվեն պատուհանների և պատուհանագոգերի փոխարինման աշխատանքներ: