ՀՀ ազգային ժողովն այսօր ընդունել է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին (2021-2027) Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ նշելով, որ համաձայնագիրը ստորագրվել է 2022 թ. սեպտեմբերին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի և հոկտեմբերին՝ ԵՄ նորարարության, հետազոտության, մշակույթի, կրթության և երիտասարդության հարցերով եվրահանձնաժողովի հանձնակատար Մարիա Գաբրիելի կողմից:

Ըստ փոխնախարարի՝ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագիրը ԵՄ-ի մշակույթի ոլորտի ամենամեծ ծրագիրն է և հասանելի է նաև ԵՄ հարևանության երկրների համար: Հայաստանը միանում է «Մշակույթ» ենթածրագրին, որի նպատակն է պաշտպանել, զարգացնել և տարածել եվրոպական մշակութային և լեզվական բազմազանությունը՝ հանրահռչակելով Եվրոպայի մշակութային ժառանգությունը, ինչպես նաև ուժեղացնելով մշակութային ստեղծարար ոլորտների մրցունակությունը և ապահովելով կայուն ու ներառական աճ:

«Ծրագիրը հնարավորություն է ընձեռում Հայաստանի մշակութային և ստեղծարար ոլորտի կազմակերպություններին ծավալել համագործակցություն նույն ոլորտի այլ կազմակերպությունների հետ, խթանում է շփումները մշակույթի գործիչների միջև և տրամադրում է դրամաշնորհներ՝ գրականության, թատրոնի, ճարտարապետության, կերպարվեստի, երաժշտարվեստի, դիզայնի, մշակութային ժառանգության և մշակույթի մի շարք այլ ոլորտներում»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը:

Սա ծրագրի երկրորդ շրջափուլն է, որը նախատեսվում է մինչև 2027 թվականը: Հայաստանը միացած է եղել «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի առաջին շրջափուլին 2014-2020 թթ. համար: ԿԳՄՍ փոխնախարարի գնահատմամբ՝ ծրագիրը իսկապես լավ հնարավորություն է:

Ենթադրվում է, որ ծրագրի շրջանակում կստեղծվի «Ստեղծագործ Եվրոպա»-ի գրասենյակ, որը կզբաղվի հայ մշակութային գործիչների իրազեկվածության բարձրացմամբ, նրանց կարողությունների զարգացմամբ և եվրոպացի գործընկերներ գտնելու գործընթացով:

Ըստ Արթուր Մարտիրոսյանի` ծրագիրը նախատեսում է շուրջ 400 հազար եվրոյի մասնակցության վճար, որով Հայաստանը կկարողանա շատ ավելի մեծ գումարներ գեներացնել մշակույթի համար. «Սա մեզ համար մեծ հնարավորություն է եվրոպական մեծ տիրույթում ծավալել մշակութային համագործակցություն, հայկական մշակույթը հանրահռչակել»:

Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը՝ կարևորելով ծրագրին մասնակից լինելը: