ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Հարմոնիում» երաժշտական զարգացման կենտրոնը դեկտեմբերի 25-ին՝ ժամը 18:00-ին, Կոմիտասի անվան կամերային տանը կիրականացնի «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի գալա համերգը:
Գալա համերգը կատարված աշխատանքների ինքնատիպ ստուգատես է, որի ընթացքում կամփոփվեն 2022 թվականի ընթացքում կատարված աշխատանքները, տոնական մթնոլորտում կներկայացվեն պատանի երաժիշտ-կատարողների ստեղծագործական աճը, կատարողական վարպետությունն ու ձեռքբերումները:
Համերգի ընթացքում կկատարվեն հայ և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ:
«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագիրը միտված է բացահայտելու և աջակցելու 11-20 տարեկան տաղանդավոր երաժիշտ–կատարողներին՝ «Դաշնամուր», «Ջութակ», «Թավջութակ» մասնագիտություններում:
2022 թվականի ծրագրում ընդգրկված էին 15 տաղանդավոր երիտասարդ երաժիշտ-կատարող և 6 առաջատար մասնագետ:
Ծրագրի նպատակն է ստեղծել համապատասխան հարթակ, որը հնարավորություն կտա ապահովել ուսուցման նոր մեթոդների, կատարելագործման և ունակությունների զարգացման հատուկ պլան: Դրա շնորհիվ ծրագրի անդամները հնարավորություն կստանան առավել նպաստավոր պայմաններում զարգացնել մասնագիտական կարողություններն ու տաղանդը, ձեռք բերել բեմական փորձ և միջազգային շփումներ, ինչպես նաև աշխարհի լավագույն մանկավարժների և երաժիշտների մոտ մասնակցել վարպետության դասերի:
Ծրագրում ներգրավված 15 պատանի երաժիշտները 2022 թվականին մասնակցել են 48 միջոցառման` մրցույթների, փառատոների, համերգների, վարպետության դասերի:
Նրանցից շատերն արժանացել են հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկրի կոչմանը: Մասնավորապես՝ 2022 թվականի ընթացքում ծրագրի անդամները մասնակցել են 18 (առկա և առցանց) երաժշտական միջազգային մրցույթների և արժանացել 1-ին և 2-րդ մրցանակների: Ծրագրի անդամները մի շարք վարպետության դասեր են ստացել աշխարհի լավագույն մասնագետներից, ինչպիսիք են՝ Նաթալիա Տրուլը (ՌԴ), Կոտարո Ֆուկուման (Ճապոնիա), Հենրի Զիքրիթսոնը (Ֆինլանդիա), Պասկալ Ռոժեն (Ֆրանսիա), Պասկալ Գոդարը (Շվեյցարիա), Յան Ֆոնթեյնը (Մեծ Բրիտանիա), Քեվին Քենորը (ԱՄՆ), Պաոլո Բալիերին (Իտալիա), Թամաշ Ունգարը (ԱՄՆ), Դենիս Սեվերինը (Հոլանդիա), Փնգ Թին Խուայը (Սինգապուր/Մալայզիա) և այլոք։
Ծրագրի մասնակիցները համերգներով հանդես են եկել Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին Հայաստանի անդամակցության 30-ամյակին նվիրված միջոցառմանը: Պատանի երաժիշտները Թունիսում (Ջերբա) կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովին հանդես են եկել համերգային ծրագրով՝ մասնակից երկրների ղեկավարների ներկայությամբ: Պատանի երաժիշտները նաև ելույթներ են ունեցել հայաստանյան և արտերկրի նվագախմբերի հետ:
«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարն է ՀՀ վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, պրոֆեսոր, դաշնակահար Արմեն Բաբախանյանը:
Ծրագրի ղեկավարն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի պրոֆեսոր, դաշնակահար Սերգեյ Քեչեկը: