Ստրասբուրգում կայացել է Եվրոպայի խորհրդի «Եվրիմաժ» մշակութային հիմնադրամի կառավարման խորհրդի համաժողովը, որին մասնակցել են Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը և «Եվրիմաժի» հայաստանյան ներկայացուցիչ Սուսաննա Հարությունյանը:
Երկօրյա համաժողովի նիստերն անցել են հագեցած օրակարգով: Մասնակիցները քննարկել են «Եվրիմաժում» իրականացվող կառավարման բարեփոխումների նախնական արդյունքները, կառույցի «կանաչ քաղաքականության» նոր հայեցակարգը, «Եվրիմաժի» 2023 թվականի բյուջեի նախագիծը, ինչպես նաև հիմնադրամի գործունեությանն առնչվող կարևոր այլ հարցեր։
«Եվրիմաժի» համաժողովի շրջանակում հայկական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել եվրոպացի գործընկերների հետ, որոնց ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ Հայ կինոյի 100-ամյակին նվիրված հոբելյանական ծրագրերը:
ԵԽ «Եվրիմաժ» մշակութային հիմնադրամի կառավարման խորհրդի համաժողովին մասնակցել են 39 անդամ երկրների ներկայացուցիչներ և պատվիրակություններ:
Հիշեցնենք, որ «Եվրիմաժ» հիմնադրամը ֆինանսական աջակցություն է տրամադրել Հայաստանի մասնակցությամբ նկարահանված «Սպիտակ» (ռեժիսոր՝ Ալեքսանդր Կոտ, 2016 թվական), «Ֆաբրիկա» (ռեժիսոր՝ Յուրի Բիկով, երկրներ՝ Ռուսաստան, Ֆրանսիա, Հայաստան, 2017 թվական), «Երբ որ քամին հանդարտվի» (ռեժիսոր՝ Նորա Մարտիրոսյան, երկրներ՝ Ֆրանսիա, Հայաստան, Բելգիա, 2018 թվական), «Ավրորայի լուսաբացը» վավերագրական-անիմացիոն (ռեժիսոր՝ Իննա Սահակյան, երկրներ՝ Հայաստան, Լիտվա, Գերմանիա, 2019 թվական), «Ամրոցը» (ռեժիսոր՝ Ջեսսիկա Վուդվորթ, երկրներ՝ Բելգիա, Նիդեռլանդներ, Իտալիա, Բուլղարիա, Հայաստան, 2021 թվական) ֆիլմերին: