Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 18:00-ին, Կոմիտասի անվան կամերային տանը կկայանա վարպետության դաս՝ «Մեկնարկ» ծրագրի մասնակիցների եզրափակիչ համերգը:

Ծրագիրը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացնում է «Հարմոնիում» երաժշտական զարգացման կենտրոնը:

Համերգների ընթացքում կկատարվեն հայ և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործությունները:

Ծրագրի շրջանակում 2022 թ. ընթացքում կազմակերպվել է 14 վարպետության դաս՝ դաշնամուր, ջութակ, թավջութակ մասնագիտություններով, որոնք վարել են Հայաստանի 12 և արտերկրի 2 առաջատար մասնագետներ։

Ծրագրի արտասահմանյան մասնագետներն են UCSI համալսարանի դեկան, դոկտոր, պրոֆեսոր Փնգ Թին Խուանը (Սինգապուր) և ՌԴ վաստակավոր արտիստ, Մոսկվայի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, միջազգային մրցույթների դափնեկիր Նատալյա Տրուլլը (ՌԴ):

Ծրագրի հայաստանյան մասնագետներն են ՀՀ ժողովրդական արտիստ, ջութակահար, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի (ԵՊԿ) պրոֆեսոր Էդուարդ Թադևոսյանը, ՀՀ վաստակավոր գործիչ, ջութակահար, ԵՊԿ պրոֆեսոր Բագրատ Վարդանյանը, ՀՀ վաստակավոր արտիստ, ԵՊԿ ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալեքսանդր Կոսեմյանը, ՀՀ վաստակավոր արտիստ, ԵՊԿ մասնագիտական դաշնամուրի և երգեհոնի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Կարինե Օհանյանը, ԵՊԿ դաշնամուրային ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Իրինա Հակոբյանը, ՀՀ վաստակավոր գործիչ, դաշնակահար, ԵՊԿ պրոֆեսոր Սերգեյ Քեչեկը, ՀՀ վաստակավոր արտիստ, թավջութակահար, ԵՊԿ պրոֆեսոր Արամ Թալալյանը, միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահար Արմեն Մանասյանը, միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահար Հռիփսիմե Աղաքարյանը, Գերմանիայի Էսենի կոնսերվատորիայի պրոֆեսոր միջազգային մրցույթների դափնեկիր, ջութակահար Աննա Մելքոնյանը, միջազգային մրցույթների դափնեկիր, ջութակահար Դավիթ Մելքոնյանը, միջազգային մրցույթների դափնեկիր, ջութակահար Անուշ Նիկողոսյանը:

Վարպետության դասերին մասնակցել են շուրջ 180 պատանի երաժիշտ-կատարողներ Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական ու արվեստի դպրոցներից, կայացել է 14 համերգ:

Ծրագրի հիմնադիր և գեղարվեստական ղեկավարը ՀՀ վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, պրոֆեսոր, դաշնակահար Արմեն Բաբախանյանն է:

Ծրագրի ղեկավարը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի պրոֆեսոր, դաշնակահար Սերգեյ Քեչեկն է: