2021 թվականի սեպտեմբերին ՄԱԿ–ի կողմից որպես առանցքային նախաձեռնություն՝ բարձրաձայնվել է «փոխակերպվող կրթություն» գաղափարը։ 2022 թվականի սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի ընթացքում կազմակերպվել է «Փոխակերպելով կրթությունը» գագաթնաժողովը։ Այն հրավիրվել է ՄԱԿ–ի Գլխավոր քարտուղարի կողմից՝ նպատակ ունենալով գլոբալ քաղաքական օրակարգում ներառելու կրթության հիմնահարցը և նախաձեռնելու գործողությունների, հավակնությունների, համերաշխության և լուծումների մոբիլիզացում՝ համաճարակի հետ կապված ուսումնառության կորուստները վերականգնելու և արագ փոփոխվող աշխարհում կրթության փոխկերպման հիմքերը դնելու համար:

ՄԱԿ–ի գագաթնաժողովին ընդառաջ՝ անդամ երկրները կազմակերպել էին կրթության վերաբերյալ ազգային խորhրդակցություններ: Հայաստանը նույնպես ազգային խորհրդակցություններ է անցկացրել ՄԱԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ՝ ապահովելու մասնակցային և համապարփակ խորհրդատվական գործընթաց, այդ թվում` երիտասարդության շրջանում՝ բացահայտելու կրթության ոլորտում առկա մարտահրավերները և դրանց արձագանքելու հնարավոր լուծումները: Խորհրդակցություններն ընթացել են ՄԱԿ-ի կողմից տրամադրված ուղեցույցին համապատասխան, արդյունքներն ամփոփվել են և տեղադրվել ՄԱԿ-ի համապատասխան կայքում՝ https://bit.ly/3YugQtu:

2022 թվականի հունիսին Փարիզում տեղի է ունեցել Կրթության փոխակերպման գագաթնաժողովի (Transforming Education Summit) նախապատրաստական համաժողովը, որին մասնակցել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Իր ելույթում նախարարի տեղակալը շեշտել է, որ Հայաստանը պատրաստակամ է իրականացնելու կրթության փոխակերպումը՝ ներկայացնելով «ՀՀ կրթության՝ մինչև 2030 զարգացման պետական ծրագիրը», որի դրույթները, ըստ էության, համահունչ են ՄԱԿ-ի կողմից հռչակված կրթության փոխակերպման դրույթներին, մասնավորապես՝

  • համընդհանուր ներառական սովորողակենտրոն կրթական միջավայրի ստեղծում, որը յուրաքանչյուր քաղաքացու համար կյանքի բոլոր փուլերում հասանելի կդարձնի իր զարգացման և անձնային առանձնահատկություններից բխող որակյալ և արդյունավետ կրթական ծառայությունները ՀՀ ողջ տարածքում,
  • կրթության արդյունավետության բարձրացում, ինչը կապահովի ռեսուրսի (ներառյալ՝ մարդկային) առավելագույն օպտիմալ և արդյունահենք տեղաբաշխում, համակարգի գործընթացային, ծախսային և կառավարման արդյունավետության բարձրացում,
  • բոլոր բնակավայրերում մատչելի նախադպրոցական ծառայությունների ապահովում՝ երեխաների 95% ընդգրկվածությամբ,
  • ոչ մի երեխա դուրս չի մնա պարտադիր կրթության համակարգից,
  • կրթաթոշակների տրամադրում և փոխհատուցում՝ բացառելով անվճարունակության պատճառով ընդունակ ուսանողների դուրս մնալը բարձրագույն և մասնագիտական կրթությունից:

Նախագագաթնաժողովին Արթուր Մարտիրոսյանը բարձրաձայնել է նաև 2020 թվականի պատերազմի արդյունքում Լեռնային Ղարաբաղի երեխաների կրթության իրավունքի ոտնահարման մասին՝ https://bit.ly/3j6tkHm:

Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կողմից սեպտեմբերին անցկացված «Փոխակերպելով կրթությունը» գագաթնաժողովին հաջորդել է «Ապահովելու հիմնարար ուսումնառությունը՝ որպես կրթության փոխակերպման առանցքային տարր» հանձնառությունը, որին միանում է նաև Հայաստանը։ Գլոբալ հանձնառությանը դեռևս միացել են հետևյալ երկրները՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Բելգիան, Եգիպտոսը, Կամբոջիան, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը, Սենեգալը և Սիերա Լեոնեն։ Հանձնառությանը միանալը ևս մեկ անգամ փաստում է Հայաստանի կամքը՝ հիմնելու որակապես նոր կրթություն: