Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել «Սոցիալական ձեռնարկատիրությունը՝ որպես Հայաստանի Հանրապետության մարզերի և Արցախի երիտասարդների շրջանում գործարարության խթանման նոր բիզնես մոդել» ծրագրի փակման արարողությունը:

Միջոցառմանը մասնակցել է ՀՀ ԿԳՄՍՆ երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանը, ով իր ողջույնի խոսքում կարևորել է երիտասարդության շրջանում ձեռներեցության զարգացման խթանումը:

«Երիտասարդները մեր պետության ապագան են, վաղվա օրը, ուստի համայնքների զարգացման տեսանկյունից պետության համար սոցիալական ձեռներեցության հմտությունների ձեռքբերումն ու արդյունավետ իրականացումը շատ կարևոր են: Սոցիալական ձեռնարկատիրության հիմնական գաղափարն է երիտասարդին ներգրավել համայնքի զարգացման գործընթացում: Սա նաև թույլ է տալիս վեր հանել համայնքային խնդիրները՝ ուղենշելով դրանց լուծման ճանապարհները»,- ասել է Զարա Ասլանյանը:

Ծրագրի նպատակն է Հայաստանում և Արցախում բնակվող 18-30 տարեկան երիտասարդներին փոխանցել գիտելիք սոցիալական ձեռներեցության վերաբերյալ, վեր հանել սոցիալական հիմնախնդիրները, ձևավորել երիտասարդներ-ՏԻՄ– սոցիալական ձեռներեցության համագործակցային մոդել, համայնքային խնդիրների լուծման նպատակով հիմնել սոցիալական ձեռնարկություններ, տրամադրել դրամաշնորհներ:

«Սոցիալական ձեռնարկատիրությունը՝ որպես Հայաստանի Հանրապետության մարզերիր և Արցախի երիտասարդների շրջանում գործարարության խթանման նոր բիզնես մոդել» ծրագիրը մեկնարկել էր ամռանը: Դիմել էին շուրջ 350 երիտասարդներ ՀՀ մարզերից և Արցախից, որոնք անցել են ընտրության 3 փուլ:

«Դիմողներից ընտրվել են առավելագույն միավոր հավաքած 50 երիտասարդներ (40 հոգի՝ ՀՀ-ից, 10-ը՝ Արցախից): Ընտրված մասնակիցները համայնքի ակտիվ, սոցիալական ձեռներեցությամբ հետաքրքրված կամ գաղափարներ ունեցող երիտասարդներ են, ինչպես նաև սոցիալական տարբեր խմբերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ անապահով ընտանիքների երիտասարդ անդամներ, 44-օրյա պատերազմի մասնակից և հաշմանդամություն ունեցող երիտասարդներ, զոհվածների ընտանիքների անդամներ»,- ասել է սոցիալական ձեռներեցության դպրոցի և միջազգային ակադեմիայի հիմնադիր Գոհար Մկոյանը:

Միջոցառմանն առցանց միացել էին նաև Արցախի մասնակիցները՝ ներկայացնելու իրենց մտահղացումներն ու ծրագրերը:

Ծրագրի մասնակիցների ելույթներից հետո հանձնաժողովի անդամները քննարկումների արդյունքում «Լավագույն ՍՁ գաղափար» մրցանակը շնորհել են արցախցի Արամե Սարգսյանին, որի սոցիալական նախաձեռնությունը վերաբերում էր մեղվաբուծությանը, և լսողության խնդիրներ ունեցող մարդկանց աջակցող նախագիծ ներկայացրած երևանցի Լուսինե Հոլիկյանին: